Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ԺԱԲ) հրամանատարությունը կապահովի զինված ուժերի արդիականացումը՝ միջազգային առաջադեմ չափանիշներին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չեն Սին։
Պեկինում կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով չինական բանակի մարտունակության բարձրացման հեռանկարներին, Չեն Սին նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հայտարարությունները ոգեշնչում և խթանում են զինվորականներին՝ հասնելու ազգային պաշտպանության և զինված ուժերի հիմնարար արդիականացման նպատակներին։
«Նախագահ Սի Ծինփինի կարևոր հայտարարությունները ավելի ու ավելի են ոգեշնչում և մղում բոլոր սպաներին ու զինվորներին՝ մարտական նորարարական ոգով հասնելու ազգային պաշտպանության և զինված ուժերի հիմնարար արդիականացման վճռական հաջողությանը և արագացնելու Ժողովրդաազատագրական բանակի վերածումը համաշխարհային մակարդակի բանակի»,- ասել է Չինաստանի ՊՆ խոսնակը։
Չեն Սին ընդգծել է, որ զինված ուժերի արդիականացումը Պեկինին կապահովի «չինական ազգի մեծ վերածննդի ռազմավարական հիմքը»։
Նրա խոսքով՝ առաջիկա փուլում Չինաստանի բանակը կառաջնորդվի Սի Ծինփինի՝ նոր դարաշրջանի սոցիալիզմի վերաբերյալ գաղափարներով՝ միաժամանակ իրականացնելով երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման և «կուսակցության կողմից բանակի նկատմամբ բացարձակ ղեկավարության պահպանման» խնդիրները։
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ երկիրը համակարգված կերպով կներդնի արհեստական բանականության և այլ խելացի տեխնոլոգիաներ Ժողովրդաազատագրական բանակում և շարունակաբար կբարձրացնի զինվորական պատրաստության մակարդակը։
Նրա խոսքով՝ բանակի արդիականացման գործընթացում կօգտագործվեն ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտի ռեսուրսները։
Անի Վարդանյան


















































































