Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հավաք անցկացնող UFC-ի հայ աստղ Արման Ծառուկյանը կարճ հարցազրույց է ունեցել սպորտային համալիրի մեդիա բաժնի հետ, որի ընթացքում խոսել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մարզումների պայմանների, առաջիկա անելիքների և այլ թեմաների մասին։
«Ես վերջին անգամ վեց տարի առաջ եմ եղել այստեղ՝ Ծաղկաձորի սպորտ բազայում։ Իմ ընկեր Արսեն Հարությունյանի հրավերով եմ հավաք անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ: Վեց տարվա մեջ շատ բան է փոխվել՝ ռեստորանը, լողավազանը, հյուրանոցի համարները: Ամեն ինչ հրաշալի է․ Մարզադահլիճները մաքուր են, գեղեցիկ ու ընդարձակ: Ամենակարևորն այն է, որ անտառի մեջ է ու մարդ չկա: Քաղաքում, երբ մարզվում ես, էներգիա ես ծախսում մարդկանց հետ շփվելու, լուսանկարվելու վրա, իսկ այստեղ հարմար է միայն մարզումների վրա կենտրոնանալու համար:
Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը։ Այստեղ` Ծաղկաձորում շատ կարևոր է օդը, քանի որ մենք ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա ենք: Դա շատ կարևոր է շնչառության համար: Երևանում ավելի հեշտ է մարզվելը, բայց այստեղի դժվար պարապմունքները լավ արդյունք են տալիս»,-նշել է Արման Ծառուկյանը:
Ծառուկյանն ասել է, որ Ծաղկաձորում ըմբիշների հետ է մարզվում, բայց իր 10 հոգանոց թիմը նույնպես այստեղ է։ «Շաբաթական երկու անգամ ըմբշամարտով ենք զբաղվում, մյուս օրերին՝ բոքս, քիքբոքսինգ, գրեփլինգ: Ըմբիշները լավ տեխնիկաներ են սովորեցնում, որոնք կարող են օգնել ինձ»,-ասել է հայ մարզիկը:Անդրադառնալով Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցությանը Ծառուկյանը նշել է․
«Տեղեկությունը, թե մասնակցելու են Օլիմպիական խաղերին, ճիշտ չէ։ Իմ հիմնական ուղղությունը MMA-ն է: Ես ուզում եմ UFC-ում բոլոր ռեկորդները սահմանել, հետո նոր թողնել սպորտը: Դրանից հետո արդեն ուզում եմ վայելել կյանքը»:
Հարցին, թե ե՞րբ Արման Ծառուկյանին երկրպագուները կտեսնեն UFC չեմպիոնական գոտիով, հայ մարտիկը պատասխանել է․
«Հիմա նպատակս BMF տիտղոսն է, որից հետո՝ արդեն չեմպիոնական տիտղոսը: Տիտղոսային մենամարտը երևի կլինի հունվարին կամ դեկտեմբերի վերջին: Չարլզ Օլիվերայի դեմ մենամարտը հնարավոր է կայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC BMF տիտղոսի համար»,-ասել է Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․




























