1973 թվականի օգոստոսի 11-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում տեղի ունեցավ մի երեկույթ, որը հետագայում համարվեց հիփ-հոփ մշակույթի ծննդյան խորհրդանշական պահը։ 1520 Sedgwick Avenue հասցեում Ջամայկայից ներգաղթած երիտասարդ DJ Քլայվ Քեմփբելը, որը հայտնի էր DJ Kool Herc անունով, քրոջ՝ Սինդի Քեմփբելի հետ կազմակերպել էր «Back-to-School Jam» երեկույթը։
Այդ երեկոյի ընթացքում Kool Herc-ը երկու պտտասարքերով սկսեց առանձնացնել երգերի ամենառիթմիկ՝ «break» հատվածները և երկարացնել դրանք՝ մի ձայնագրությունից մյուսը անցնելով։ Դրանով պարողները կարողանում էին ավելի երկար մնալ ռիթմի մեջ։ Հետագայում այս տեխնիկան դարձավ հիփ-հոփի և DJ մշակույթի կարևոր հիմքերից մեկը։
Երեկույթը պարզապես երաժշտական հավաքույթ չէր։ Դրա շուրջ աստիճանաբար ձևավորվեցին այն տարրերը, որոնք հետագայում դարձան հիփ-հոփ մշակույթի առանցքը՝ DJ-ing-ը, ռեփը, բրեյքինգը, գրաֆիտին և փողոցային ոճը։
Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Բրոնքսի բնակելի շենքերից մեկի փոքրիկ սրահում անցկացվող երեկույթը կդառնա համաշխարհային մշակութային շարժման մեկնարկը։ Տասնամյակների ընթացքում հիփ-հոփը դուրս եկավ Նյու Յորքի փողոցներից և վերածվեց համաշխարհային երաժշտական ու մշակութային երևույթի՝ ազդելով երաժշտության, պարի, նորաձևության, արվեստի և երիտասարդական մշակույթի վրա։
Այս պատճառով օգոստոսի 11-ը հաճախ նշվում է որպես հիփ-հոփի ծննդյան օր, իսկ 1520 Sedgwick Avenue-ն համարվում է ժանրի խորհրդանշական ծննդավայրը։























