Ռուսական ուժերը օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ կիրառելով «Ցիրկոն» հականավային, «Իսկանդեր-Մ» և KN-23 բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև տարբեր տեսակի 120 անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել կամ էլեկտրոնային միջոցներով խափանել են 98 անօդաչու թռչող սարք։
Ռուսական կողմը «Ցիրկոն» հրթիռներով և «Իսկանդեր-Մ»/KN-23 բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Կիևի և Զապորոժիեի ուղղություններով։ Հրթիռներն արձակվել են Ռուսաստանի Կուրսկի, Ռոստովի, Վորոնեժի և Օրյոլի մարզերից։
Հարձակման ընթացքում կիրառվել են նաև «Շահեդ» տեսակի շուրջ 120 հարվածային անօդաչու սարքեր, որոնց մի մասը եղել է ռեակտիվ շարժիչով, ինչպես նաև «Գերբերա» և «Պարոդիա» տեսակի դրոններ։
ԱԹՍ-ները արձակվել են Ռուսաստանի Կուրսկ, Միլերովո, Օրյոլ և Պրիմորսկո-Ախտարսկ բնակավայրերի շրջաններից, ինչպես նաև Դոնեցկի և Ղրիմի օկուպացված Հվարդիյսկե բնակավայրերից։
Ռուսական հարձակման հիմնական թիրախները եղել են Կիևի մարզն ու Զապորոժիեն։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարձակումը հետ մղելու համար կիրառել են ռազմական ավիացիա, հակաօդային հրթիռային ստորաբաժանումներ, էլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու համակարգերի ստորաբաժանումներ և շարժական կրակային խմբեր։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ժամը 09։00-ի դրությամբ երկրի հյուսիսում, հարավում և արևելքում ոչնչացվել կամ խափանվել է «Շահեդ», «Գերբերա» և այլ տեսակի 98 անօդաչու թռչող սարք։
Միաժամանակ արձանագրվել է օդային հարձակման միջոցների հարված 21 վայրում, իսկ խոցված թիրախների բեկորների անկում՝ ևս հինգ վայրում։
Ռազմաօդային ուժերը նշել են, որ ժամը 09։00-ի դրությամբ հարձակումը դեռ շարունակվում էր, և ուկրաինական օդային տարածքում շարունակում էին մնալ ռուսական մի քանի անօդաչու սարքեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են նաև Կիևին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, իսկ Շևչենկովսկի շրջանում հարված է գրանցվել մանկական հիվանդանոցի տարածքում։






















