Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Իսկ ով է նա։ Նա սոցիալական ծառայությունների ոլորտի երկարամյա մասնագետ է, ուսումնասիրել է հանրային առողջապահություն և առողջապահական դիվանագիտության գործադիր դասընթաց անցել Կանադայի Տորոնտոյի համալսարանում:
Մինչ այս նշանակումը, 2026 թվականի փետրվարից Ռոզա Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը՝ իրականացնելով իրավական խորհրդատվություն: 2020-2025 թվականներին ղեկավարել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակը, որտեղ պատասխանատու է եղել ռազմավարական ու գործառնական կառավարման, ինչպես նաև միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցության համար: Դրանից առաջ՝ 2008-2020 թվականներին, UNAIDS-ում աշխատել է որպես մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու, իսկ 2013-2020 թվականներին գլխավորել է Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահական իրավունքի և բիոէթիկայի բաժինը:
Բաբայանն ունի միջազգային փորձագիտական ու խորհրդատվական հարուստ փորձ: 2008-2022 թվականների ընթացքում որպես փորձագետ համագործակցել է Ասիական զարգացման բանկի (ADB), Եվրոպայի խորհրդի (CoE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ/WHO), UNICEF-ի, UNFPA-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի (OSF) և World Vision Armenia-ի հետ՝ ներգրավված լինելով առողջապահության, քրեակատարողական ու պրոբացիոն բարեփոխումների, երեխաների իրավունքների, վերարտադրողական առողջության և պալիատիվ բուժօգնության ներդրման ծրագրերում:
Ռոզա Բաբայանը 2022 թվականից սահմանադրական իրավունքի ասպիրանտ է. նրա ատենախոսության թեման վերաբերում է ՀՀ-ում պացիենտների իրավունքների սահմանադրաիրավական կանոնակարգումներին: 2025-2026 թվականներին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Executive MBA ծրագիրը՝ «Հաստատությունների կառավարում» մասնագիտացմամբ: Նա վերապատրաստվել է UN Staff College-ում և Տորոնտոյի համալսարանի Dalla Lana հանրային առողջապահության դպրոցում: Ավելի վաղ ստացել է իրավաբանի դիպլոմ Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում, ինչպես նաև ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժության և սանիտարական փորձաքննության ֆակուլտետը: Գերազանց տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:
Սոնա Գրիգորյան























