Մայիսի 3-ը` մամուլի ազատության համաշխարհային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:
Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը օրինականացնում է խոսքի ու մամուլի ազատությունը՝ նշելով, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու եւ ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։

Հայաստանում խոսքի ու կարծիքի արտահայտման ազատությունը ամրագրվում է Սահմանադրության 27-րդ հոդվածով:

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

Հ.Գ. Վաշինգտոնի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը այս տարվա հաշվետվության մեջ մամուլի ազատության մակարդակով 197 երկրների շարքում Հայաստանին տվել էր 134-րդ տեղը:




Լրահոս