Armenian text to speach

Պուտինը այցելել է Ճապոնիայի կողմից վիճարկվող կղզի՝ առաջացնելով Տոկիոյի զայրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այցելել է Կուրիլյան կղզիների հարավային հատվածում գտնվող Իտուրուպ կղզի, որի նկատմամբ տարածքային պահանջներ ունի Ճապոնիան։ Reuters-ի փոխանցմամբ՝ ռուսական «ՏԱՍՍ»-ը այցը ներկայացրել է որպես Պուտինի առաջին այցը Կուրիլյան կղզիների շղթա։

Իտուրուպը Ճապոնիայում հայտնի է Էտորոֆու անվամբ և Կուրիլյան չորս կղզիներից մեկն է, որոնք Տոկիոն համարում է իրեն պատկանող տարածք։ Ռուսաստանը կղզիները վերահսկողության տակ է վերցրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Ճապոնիան դրանց վերադարձը կապում է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։

Պուտինի այցը կտրուկ արձագանքի է արժանացել Տոկիոյում։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ այցը «բացարձակապես անընդունելի է» և վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է դժվարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը։

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները հատկապես վատացել են 2022 թվականից հետո, երբ Ճապոնիան միացել է Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման պատճառով։

Պուտինը կղզում այցելել է «Յասնի» ձկնավերամշակման գործարան, ծանոթացել ձկնորսության ոլորտին և փորձել տեղական ձկնկիթ։ Այցը տեղի է ունեցել նաև Ռուսաստանի Հեռավոր Արևելքում անցկացվող ռազմածովային զորավարժություններից հետո։

Կուրիլյան վիճելի տարածք առաջին անգամ ռուս առաջնորդներից այցելել էր Դմիտրի Մեդվեդևը՝ 2010 թվականին։

Անի Վարդանյան




Լրահոս