114 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի  Հանրապետություն փողոցում մի միջադեպ է տեղի ունեցել: Մայրաքաղաքի Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի մի խումբ աշակերտներ վիճաբանել են ինչ-որ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով հայտնվել են ոստիկանությունում: Տեղի բնակիչները հավաստիացնում են, որ վիճաբանության ժամանակ անգամ կրակոցներ են հնչել: Սակայն դպրոցի տնօրեն Ռուզաննա Կիրակոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը մի փոքր վիճաբանություն է տեղի ունեցել, որին ականատես են եղել ոստիկանները:
«Հայացք»-ը գրել էր, որ Երեւանի թիվ 114 դպրոցում գազային ատրճանակով կրակոցներ են հնչել: Մեր տեղեկություններով` դպրոցի աշակերտները տուն գնալու ճանապարհին ինչ-որ անձանց հետ են վիճաբանել:
Երեկ զրուցեցինք դպրոցի տնօրեն տիկին Կիրակոսյանի հետ, վերջինս հերքեց այն տեղեկությունները, թե իբր ինքը թաքցրել է եղելությունը: Իսկ մեր այն հարցին, թե ինչ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել, ասաց. «Նախ ասեմ, որ շատ խիստ չափազանցված տեղեկություններ են տարածվում, նույնիսկ շատ-շատ չափազանցված, եւ ես երեւի թե վերջին անգամ պետք է ներկայացնեմ, թե իրականում ինչ է կատարվել երկուշաբթի օրը: Նախ ասեմ, որ կրակոցներ չեն հնչել, այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում` դպրոցի դասերից հետո, դպրոցից դուրս` Հանրապետության փողոցում, կռիվ է եղել»:
Դպրոցի տնօրենը նշեց, որ այդ վիճաբանության ժամանակ ներկա են եղել նաեւ ոստիկանության աշխատակիցները: «Վիճաբանությունը եղել է դպրոցի աշակերտների ու դրսի երեխաների միջեւ, որոնք ընդհանրապես դպրոցի հետ կապ չունեն, եւ ոստիկանները, տեսնելով, որ տղաները վիճաբանում են,  տարել են բաժին, իսկ այդտեղ կոծկելու կամ որեւէ մի բան չի եղել, իսկ կրակոցները… ուրեմն, եթե ամբողջ օրը լսեք, աշակերտները դասից դուրս են գալիս,  խանութից գնում են էն բոմբիկներից եւ անընդհատ պայթեցնում, նոր մի քանի վայրկյան առաջ էլի էդ նույն ձայներն էին, ուրեմն նշանակում է, որ կրակո՞ւմ են»,-նշեց 114 դպրոցի տնօրենը:
Վերջինս շատ վրդովված էր, որ մամուլում հրապարակվել է մի նյութ, առանց պարզելու, թե իրականում ինչ է կատարվել: Արդյունքում դեպքը չափազանցված ձեւով ներկայացվել է ամբողջ հանրությանը եւ խուճապ առաջացրել: Իսկ թե որն է եղել վիճաբանության պատճառը, դպրոցի տնօրենը դժվարացավ կոնկրետ ասել. «Դե տղայական կռիվ է եղել, ես աշակերտների հետ զրուցեցի, իրենց ասելով` ճանապարհին ինչ-որ տղաներ են եղել, ծաղրել են, ինձ այդպես են պատմել, բայց որ ասես` ինչ-որ լուրջ պատճառ է եղել, չէ՛, ուղղակի տղայական կռիվ է եղել»:
Նա նաեւ հավելեց, որ տղաները 11-րդ դասարանի աշակերտներ են, որոնք արդեն բնականոն կերպով հաճախում են դասերի. «Ավագ դպրոցի տղաներ են, մենք ունենք սպասարկող տեսուչ, որն օպերների հետ եկել է, զրուցել տղաների, նրանց ծնողների հետ, եւ ամեն ինչ արդեն հարթվել է, ու որեւէ խնդիր չկա»:   
Իսկ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` դեկտեմբերի 12-ին` ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած վիճաբանությունը ծագել է նույն դպրոցի աշակերտներ Նորայր Մելքոնյանի եւ 15-ամյա Տիգրան Գեւորգյանի միջեւ, վերջինիս Նորայրը ծեծել է: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` այդ օրն իսկապես կրակոցներ են հնչել, որքան էլ դպրոցի տնօրենը փորձում է հերքել այդ փաստը:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` վիճաբանության հաջորդ օրը Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի մարզասրահում կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, այս անգամ 10-րդ դասարանի աշակերտներ Սերգեյ Ասատրյանի եւ Սամսոն Թորոսյանի միջեւ: Սերգեյը հարվածել է Սամսոնին, եւ այդ փաստի կապակցությամբ եւս հետաքննություն է ընթանում: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ոստիկանության կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս