Եվրոպայի մի շարք երկրներում շոգի և երաշտի հետևանքով անտառային հրդեհները շարունակում են տարածվել։ Վերջին օրերին խոշոր հրդեհներ են բռնկվել Բելգիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում և Ֆրանսիայում։
Բելգիայում հրդեհը ոչնչացրել է շուրջ 3 հազար հեկտար տարածք՝ Գերմանիայի սահմանին գտնվող High Fens բնական պարկում։ Հրդեհի դեմ պայքարում է մոտ 500 հրշեջ և զինվորական, իսկ Գերմանիան Բելգիային է ուղարկում երկու ջրաթափող ռազմական ուղղաթիռ։
Հրդեհի պատճառով Գերմանիայի սահմանամերձ Մոնշաու քաղաքում մոտ 30 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները։
Հունաստանի Սալամիս կղզում բռնկված երկու հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ ավելի քան 570 մարդ տարհանվել է ծովային ճանապարհով։ Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 36 հրդեհ։
Պորտուգալիայում ևս հրշեջները շարունակում են պայքարել մի քանի օջախների դեմ։ Իսպանիայի Արագոն տարածաշրջանում հրդեհի մարման աշխատանքների ժամանակ զոհվել է զինվոր։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում իրավիճակը որոշ չափով կայունացել է։ Լանդերի դեպարտամենտում հրդեհը ոչնչացրել էր շուրջ 1700 հեկտար տարածք, սակայն երեք օր շարունակ իրականացված ցամաքային և օդային աշխատանքներից հետո այն հաջողվել է կայունացնել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ջերմաստիճանի նվազումը և խոնավության բարձրացումը նպաստել են իրավիճակի բարելավմանը։
Խորվաթիայում էլ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնց կասկածում են վերջին օրերին երկրի Ադրիատիկ ափին բռնկված մի շարք հրդեհներ առաջացնելու մեջ։
Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով շոգային ալիքները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ, ինչն էլ նպաստում է անտառային հրդեհների տարածմանը։
Անի Վարդանյան


















































































