Armenian text to speach

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև դարերի խորքից եկող բարեկամության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, որոնք մեր երկրների և ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմքն են»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

 




Լրահոս