«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը արձանագրել է մի դեպք, որը հարցեր է առաջացնում սպառողի և ծառայություն մատուցող ընկերության միջև կնքված պայմանագրի կատարման վերաբերյալ։ Խոսքը OVIO ընկերության մասին է, որը նախկինում գործել է «Ռոստելեկոմ» անվամբ. այս ընկերությունը իր սխալների համար հատուցում է պահանջում բաժանորդներից։ Ինչպե՞ս, բացատրենք:
Մի քաղաքացու հետ ընկերությունն ունի կնքված պայմանագիր, որով տրամադրվել է Static IP ծառայություն, և սպասարկումն իրականացվել է անվճար։ Սակայն, ըստ քաղաքացու, պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առաջ՝ օգոստոսի 1-ից, ընկերությունը հեռախոսազանգով պարտավորեցրել է վճարել այդ ծառայության համար։ Սակայն նախապես որևէ ծանուցում չի ստացել այդ մասին, որ ծառայությունն այսուհետ դառնալու է վճարովի։
Այս իրավիճակում, բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք գործող պայմանագրի ընթացքում ծառայության համար նոր վճար սահմանելը չի նշանակում պայմանագրի պայմանների փոփոխություն, և արդյո՞ք այդ փոփոխության մասին սպառողը չպետք է նախապես և պատշաճ կերպով տեղեկացվեր։
Քաղաքացին խնդրի վերաբերյալ դիմել է նաև ընկերությանը՝ պարզաբանում ստանալու համար։ Նրա փոխանցմամբ՝ OVIO-ից հայտնել են, որ խնդիրը կապված է եղել ընկերության կողմից առաջացած «ծրագրային խնդրի» հետ. նախկինում վճարը չի հաշվարկվել, այսուհետ պետք է հաշվարկվի: Սակայն այս պարզաբանումը ևս հարցեր է առաջացնում․ եթե ընկերության հաշվարկային կամ ծրագրային համակարգում տեխնիկական խնդիր է առաջացել, ապա արդյո՞ք դրա հետևանքով անվճար ծառայություն ստացող քաղաքացին պարտավոր է վճարել դրա դիմաց։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով՝ ArmLur.am-ը դիմել է OVIO, որտեղից վերցրել են մեր տվյալները՝ խոստանալով հետ զանգել։ Սակայն առ այս պահը ArmLur.am-ի խմբագրությունը OVIO-ից զանգ չի ստացել։
Խնդրով պայմանավորված՝ ArmLur.am-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հասկանալու համար, թե նման իրավիճակում ինչ ընթացակարգով կարող է քաղաքացին պաշտպանել իր իրավունքները։ Հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ եթե քաղաքացին կամ բաժանորդը պայմանագրի հետ կապված խնդիր ունի, կարող է պաշտոնական դիմում ներկայացնել ՀԾԿՀ, որից հետո դիմումը կքննարկվի համակողմանիորեն։ Հանձնաժողովում նշել են, որ նման դիմումի ուսումնասիրությունից հետո քաղաքացուն պաշտոնապես պարզաբանում կտրվի՝ իրականում ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվել տվյալ պայմանագրի շրջանակում։
ArmLur.am-ը խնդրի վերաբերյալ դիմեց նաև Սպառողների շահերի և մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Այստեղից էլ մեզ հայտնեցին, որ քաղաքացին պետք է գրավոր դիմում ներկայացնի հանձնաժողով, որպեսզի հարցը պաշտոնապես քննության ենթարկվի։ Հանձնաժողովից նաև վստահեցրին՝ «չի եղել դեպք, որ քաղաքացուն չաջակցեն»: Իհարկե, մինչ պետական գերատեսչությունները հանձնաժողովներում կքննարկեն ու կտան գնահատական, պետք է արձանագրել, որ նախկինում մատուցված անվճար ծառայությունը վճարովի դարձնելն արդեն իսկ սպառողի իրավունքի խախտում է, որի մասին մեզ հետ զրույցում ասացին ոլորտի փորձագետները: Մենք հետևողական կլինենք խնդրի լուծմանը, քանի որ այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն տվյալ քաղաքացու, այլև հանրային ընկալման համար. որքանո՞վ է բարեխիղճ գործում OVIO-ն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրվա ավարտին «Օվիոն»-ը պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Օվիո»-ի պարզաբանումը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ
««Օվիո» ընկերությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը՝ Static IP ծառայության հաշվեգրման վերաբերյալ։
Հրապարակումը ստեղծում է տպավորություն, թե իբր ընկերությունը նախկինում անվճար մատուցված ծառայության համար բաժանորդներից պահանջում է կատարել վճարում և այդ պահանջի հիմքում ընկերության կողմից թույլ տրված տեխնիկական սխալն է։ Վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը։
Իրականում որոշ բաժանորդների համար Static IP ծառայությունը տեխնիկական խնդրի պատճառով շարունակել է ակտիվ լինել, սակայն դրա համար նախատեսված ամսավճարը Բիլլինգային համակարգում չի հաշվեգրվել։ Խնդիրը հայտնաբերելուց հետո ընկերությունը ոչ թե պահանջել է նախկին ժամանակահատվածի համար չհաշվեգրված գումարների վճարում, այլ՝ կապ հաստատելով բաժանորդների հետ, փորձել է ճշտել նրանց ցանկությունը, թե արդյո՞ք այսուհետ ևս շարունակելու են օգտվել ծառայությունից։
Բաժանորդներին զանգի ընթացքում հստակ տեղեկացվել է, որ տեխնիկական խնդրի պատճառով նախկինում չհաշվեգրված ժամանակահատվածի համար որևէ վճար չի պահանջվելու։
Այսինքն՝ ընկերությունը չի փորձում իր տեխնիկական սխալի հետևանքով՝ նախկինում չհաշվեգրված գումարը ներկայում գանձել բաժանորդներից։
Ընդհակառակը՝ նախկին ժամանակահատվածում ծառայությունը փաստացի մատուցվել է, սակայն դրա համար բաժանորդներից վճար չի գանձվել և, հետագայում ևս, այդ ժամանակահատվածի համար որևէ պարտավորություն չի առաջանալու։
Հարկ ենք համարում նշել, որ ընկերությունը պարտավոր է ճշտել՝ արդյո՞ք բաժանորդը ցանկանում է շարունակել օգտվել Static IP ծառայությունից։ Միայն ծառայությունից օգտվելու ցանկությունը հաստատելու դեպքում է նախատեսվում ընթացիկ ամսվանից վերսկսել ամսական սահմանված գումարի հաշվեգրումը։ Այն բաժանորդների համար, որոնք հայտնել են, որ այլևս չեն ցանկանում օգտվել ծառայությունից, հաշվեգրում չի իրականացվում։
Կարևոր է նաև նշել, որ Static IP ծառայությունը բաժանորդներին տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա, և ծառայությանը միանալիս՝ բաժանորդները տեղեկացվում են ծառայության արժեքի՝ ամսական 1 500 դրամի մասին։
Խոսքը տեխնիկական խնդրի հետևանքով ժամանակավորապես չիրականացված հաշվեգրման մեխանիզմի վերականգնման և ծառայությունը հետագայում ստանալու վերաբերյալ բաժանորդի ցանկությունը ճշտելու մասին է։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ «անվճար ծառայությունը վճարովի դարձնելուն» վերաբերող պնդումն իրականությանը չի համապատասխանում։
«Օվիո»-ն կարևորում է իր բաժանորդների նկատմամբ թափանցիկ և պատասխանատու մոտեցումը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ»։




























