Armenian text to speach

Արցախից՝ Երևան, ԱԳՆ-ից՝ ԱԺ․ ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Իսկ ով է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արեգա Հովսեփյանը մասնագիտական երկարամյա փորձ ունի դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականության ոլորտներում։

Արեգա Հովսեփյանը ծնվել է 1991 թվականին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում՝ գերազանց առաջադիմությամբ ավարտելով ինչպես բակալավրիատը, այնպես էլ մագիստրատուրան։

Նրա մասնագիտական կրթությունը չի սահմանափակվել ԵՊՀ-ով։ Հովսեփյանը կրթությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ակադեմիայում, ինչպես նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Մասնագիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են միջազգային հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունն ու պատմությունը։ Նա նաև գիտական գործունեություն է ծավալել՝ որպես ԵԱՀ համաշխարհային պատմության ասպիրանտ։

Հովսեփյանի աշխատանքային ուղին սկսվել է 2013 թվականին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Այստեղ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մասնավորապես աշխատելով տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում։

Դիվանագիտական աշխատանքին զուգահեռ նա զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ Մեսրոպ Մաշտոց համալսարանում դասավանդել է Թուրքիայի պատմություն և Հարավային Կովկասի էթնոքաղաքական պատմություն։

Տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մասնագիտական վերլուծություններով Արեգա Հովսեփյանը հանդես է եկել նաև Մերձավոր Արևելքի ինստիտուտի հարթակում՝ ներկայացնելով տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր գնահատականները։

2019-2023 թվականներին նա աշխատել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Հետագայում ղեկավարել է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, իսկ վերջին շրջանում զբաղեցրել է Հայ գործարարների ասոցիացիայի նախագծերի ղեկավարի պաշտոնը։

Հովսեփյանի դիվանագիտական ծառայությունը գնահատվել է նաև պետական մակարդակով․ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար նա պարգևատրվել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Այժմ նրա մասնագիտական փորձը կարող է տեղափոխվել խորհրդարանական հարթակ։

Արեգա Հովսեփյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ վերցնելու Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում, նման սցենարի չեն սպասել, և ընդդիմադիր խմբակցության այս քայլը իշխանությանը բավականին խոցելի իրավիճակում է դրել։

Եվրոպական ինտեգրումը ՔՊ-ի հռչակած առանցքային արտաքին քաղաքական ուղղություններից է, մինչդեռ խորհրդարանական կարևորագույն հարթակներից մեկը, որն անմիջականորեն զբաղվելու է այդ օրակարգով, իշխանությւոնը ձեռքից բաց է թողել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքը իշխանության ներսում հատկապես ցավոտ են ընդունել նաև այն պատճառով, որ արևմտյան տարբեր շրջանակներից արդեն իսկ դժգոհության և հանդիմանանքի ազդակներ են ստացել՝ հանձնաժողովի նախագահությունը ձեռքից բաց թողնելու համար։

Իշխանական շրջանակներում, միաժամանակ, կասկածներ են հնչում, թե որքան արդյունավետ կարող է «Ուժեղ Հայաստանը» ղեկավարել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքավորումը։ ՔՊ-ում նրանց մի մասին ավելի շատ ռուսամետ, քան եվրոպամետ հայացքների կրող են համարում։

Սակայն իշխանության համար առավել խնդրահարույց է հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր Հովսեփյանի սուր հարցերն ու իշխանության հասցեին կոշտ ելույթներն արդեն հասցրել են անհանգստություն առաջացնել ՔՊ-ում։ Նրան իշխանական շրջանակներում համարում են անկանխատեսելի քաղաքական գործիչ, իսկ նրա արցախյան արմատները ևս դիտարկում են որպես գործոն, որը կարող է հանձնաժողովի աշխատանքում իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական շեշտադրումներ բերել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս