ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «ամենակործանարար տնտեսական գործողության» մասին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների փակուղու պայմաններում։
Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանը չի օգտագործել համաձայնության հասնելու հնարավորությունը և այժմ կբախվի «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմի և մեկուսացման»։
Նա նաև սպառնացել է պատժամիջոցներով այն երկրներին, որոնք կշարունակեն տնտեսական հարաբերություններ ունենալ Իրանի հետ։ Թրամփի խոսքով՝ Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների ֆինանսական հաստատությունները, ընկերությունները, նավահանգիստներն ու պետական կառույցները «հսկայական տնտեսական հետևանքների» կբախվեն։
Նա պահանջել է դադարեցնել Իրանի նավթի մաքսանենգությունը, դրամական փոխանցումները, փոխանակման գործառնությունները, նավերի գրանցումն ու այլ մեխանիզմները, որոնք թույլ են տալիս Թեհրանին պահպանել տնտեսական կապերը։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Թրամփի հայտարարությունն անվանել է «տնտեսական ահաբեկչություն» և նշել, որ ԱՄՆ-ի կողմից նման քաղաքականության շարունակումը, իր կարծիքով, չի հանգեցնի ցանկալի արդյունքի։
Միևնույն ժամանակ, իրանական պետական լրատվամիջոցները Թրամփի հայտարարությունը ներկայացրել են որպես նորություն չպարունակող քայլ՝ նշելով, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ փորձում է սահմանափակել Իրանի տնտեսական կապերը։
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի համար առավել նշանակալի քայլ կարող է լինել Չինաստանի այն ֆինանսական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք շարունակում են սպասարկել իրանական նավթի գնորդներին։ Սակայն նման քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար։
Անի Վարդանյան






















