Armenian text to speach

Ո՞ր երկրների հետ է Հայաստանը նախատեսում խորացնել ռազմավարական գործընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական՝ e-gov.am կայքում, ներկայացվել են արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու այն երկրները, որոնց հետ Հայաստանը նախատեսում է խորացնել հարաբերությունները։

ArmLur.am-ը ներկայացնում է հիմնական կետերը։

Ծրագրում նշվում է, որ Հայաստանը որդեգրում է «հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն», որի նպատակն արտաքին հարաբերություններում անհամաչափություններ թույլ չտալն է կամ դրանք հավասարակշռելու գործիքներ ունենալը։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը։

Կառավարությունը նախատեսում է շարունակել հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի հետ։

Ադրբեջանի ուղղությամբ առաջնահերթություն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակությունը։ Նախատեսվում է նաև ակտիվացնել քաղաքացիական հասարակությունների և գործարար համայնքների շփումներն ու երկկողմ առևտուրը։

Թուրքիայի հետ նախատեսվում է առաջ մղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանը բացելու գործընթացը, այդ թվում՝ առնվազն երկու արդիական անցակետի գործարկումը։ Նախատեսվում է նաև զարգացնել տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներն ու խթանել առևտուրը։

Իրանի հետ կառավարությունը նախատեսում է խորացնել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, էներգետիկ համագործակցությունը և սահմանային ենթակառուցվածքները։ Առանձնացվում է նաև Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների զարգացումը՝ Հյուսիս-հարավ և Պարսից ծոց–Սև ծով նախագծերի շրջանակում։

Վրաստանի հետ նախատեսվում է խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ զարգացնելով քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը։

Միաժամանակ ծրագրում առանձին ուղղություններով ներկայացված են Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակները։

ԵՄ-ի հետ նախատեսվում է խորացնել ռազմավարական համագործակցությունն ու ինտեգրումը, ինչպես նաև ավարտին հասցնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ ԱՄՆ-ի հետ նախատեսվում է խորացնել համապարփակ ռազմավարական գործընկերությունը և իրականացնել TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ։

Ֆրանսիայի հետ հարաբերությունները նախատեսվում է բարձրացնել որակապես նոր մակարդակի՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և կրթական ոլորտներում։

Ռուսաստանի հետ նախատեսվում է շարունակել փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հարաբերությունները տարածաշրջանում ստեղծված նոր պայմաններին համապատասխան վերափոխելու և խորացնելու նպատակով։

Չինաստանի և Հնդկաստանի հետ նախատեսվում է ընդլայնել ռազմավարական և բազմոլորտ համագործակցությունը՝ ներառելով տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթական, տեխնոլոգիական և այլ ուղղություններ։

Ծրագրում նշվում է նաև, որ Հայաստանը շարունակելու է խորացնել ռազմավարական հարաբերությունները Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Լիտվայի հետ և աշխատելու է ռազմավարական գործընկերների թիվն ու աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ։

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է արդյունավետ համագործակցություն շարունակել ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև ակտիվ գործունեություն ծավալել ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և Եվրոպական քաղաքական համայնքում։

Ծրագրում նաև նշվում է, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ, իսկ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ նախատեսվում է զարգացնել հարաբերությունները և հաստատել նոր կապեր։

Ա․Վարդանյան




Լրահոս