ՀՀ կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը, որում ներկայացված են առաջիկա 5 տարիների համար նախատեսված հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ ArmLur.am-ն առանձնացրել է ծրագրի ամենակարևոր և ուշագրավ կետերը։
Ծրագրում որպես հիմնական արտաքին քաղաքական և անվտանգային նպատակներ նշվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդումն ու դրա հետագա ինստիտուցիոնալացումը, Հայաստանի շուրջ բարենպաստ անվտանգային միջավայրի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը։
Կառավարությունը նախատեսում է նաև Հայաստանի ապաշրջափակումը՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։
Ներքին բարեփոխումների ուղղությամբ իշխանությունը նպատակ է դրել խորացնել ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումները։ Դրանց արդյունքները, ըստ ծրագրի, պետք է արտացոլվեն միջազգային հեղինակավոր վարկանիշներում Հայաստանի առաջընթացով։
Տնտեսություն, աշխատատեղեր և արտահանում
Ծրագրով նախատեսվում է ապահովել տարեկան միջինը 6% տնտեսական աճ և ստեղծել 125 հազար նոր աշխատատեղ։
Միաժամանակ նախատեսվում է հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալը առնվազն կրկնապատկել, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը՝ առնվազն երեք անգամ ավելացնել։
Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը նախատեսվում է 2025 թվականի 3,3 տրիլիոն դրամից հասցնել 5 տրիլիոն դրամի, այսինքն՝ ավելացնել 50%-ով՝ ընթացիկ գներով։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը նախատեսվում է ավելացնել առնվազն 50%-ով, իսկ հացահատիկի արտադրությունը՝ կրկնապատկել։
Առողջապահություն և վիզաների ազատականացում
Կառավարությունը նպատակ է դրել ամբողջ բնակչությանը ներառել առողջության ապահովագրության համակարգում։
Ծրագրում որպես առանձին նպատակ նշված է նաև ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի վիզաների ազատականացումը։
Ջրային համակարգ և ոռոգում
Նախատեսվում է սկսել 10 ջրամբարի կառուցումը, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականը։
Ծրագրով նախատեսվում է կառուցել և վերակառուցել 350 կմ ջրանցքներ և խողովակաշարեր, ինչպես նաև ոռոգում ապահովել 10 հազար հեկտար նոր հողերի համար։
Բացի այդ, կառավարությունը նպատակ է դրել Երևանում, Գյումրիում և Վանաձորում ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։
Դպրոցներ, մանկապարտեզներ և Ակադեմիական քաղաք
Կառավարությունը նախատեսում է կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել և ամբողջական գույքով հագեցնել ու գործարկել 300 դպրոց, 30 քոլեջ, 100 արտադպրոցական հաստատություն և 100 մանկապարտեզ։
Նախատեսվում է նաև 100 համակցված խաղահրապարակների, այդ թվում՝ համայնքային լողավազանների կառուցում։
Ծրագրում ներառված է նաև Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի և 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը։
Արհեստական բանականություն և տիեզերական ծրագիր
Կառավարությունը նախատեսում է ձևավորել առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային հզորություններ՝ առնվազն 100 հազար GPU-ի համարժեքով, կամ մեկ միլիոն բնակչի հաշվով՝ առնվազն 35 հազար GPU-ի համարժեքով։
Դրանց առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրս պետք է հասանելի լինի Հայաստանի գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածներին։
Միաժամանակ նախատեսվում է զարգացնել Հայաստանի ազգային տիեզերական կարողությունները՝ ձեռք բերելով և շահագործելով Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակ։
Էներգետիկա
Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է գործարկել 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայաններ։
Աղքատության կրճատում և ծառայությունների թվայնացում
Կառավարությունը նպատակ է դրել աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։
Նախատեսվում է նաև պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։
Մինչև 2 մլրդ դոլարի ապօրինի ակտիվների վերադարձ
Ծրագրի ուշագրավ նպատակներից է ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականությունը։
Այն պետք է ներառի նաև ապօրինի սեփականաշնորհված կամ վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձը պետությանը և համայնքներին։
Կառավարությունը նախատեսում է նաև շարունակաբար համալրել վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարը։
Ըստ ծրագրի՝ հանրությանը պետք է վերադարձվի ապօրինի ծագում ունեցող անշարժ և շարժական գույք՝ շուրջ 2 մլրդ դոլար համախառն ծավալով։
Մնում է, սակայն, ամենակարևոր հարցը՝ որքանո՞վ կկարողանա կառավարությունը կյանքի կոչել այս լայնածավալ ծրագրերը և իր խոստումները վերածել իրական արդյունքների։ Տարեկան 6% տնտեսական աճից և 125 հազար նոր աշխատատեղից մինչև 2 մլրդ դոլարի ապօրինի ակտիվների վերադարձ, նոր ջրամբարների, դպրոցների ու էներգետիկ հզորությունների կառուցում՝ ծրագրում ամրագրված են բազմաթիվ հավակնոտ թիրախներ։ Դրանց իրականացման արդյունավետությունն ու ժամկետները, ինչպես նաև այն, թե այս նպատակներից քանիսը կդառնան իրականություն, այլ ոչ թե կմնան թղթի վրա, ցույց կտա ժամանակը։
Ա․ Վարդանյան




























