«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու ունեցվածքը։
Արսեն Թարզյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում։
2015-2017 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ ստանալով աշխատանքի տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։
Նրա աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է 2017 թվականին։ 2017-2019 թվականներին աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի տնտեսագետ։ Այնուհետև՝ 2019-2020 թվականներին, նույն բաժնում եղել է մաքսային տեսուչ, 2020-2021 թվականներին՝ ավագ մաքսային տեսուչ, իսկ 2021-2024 թվականներին՝ գլխավոր մաքսային տեսուչ։
Ինչ ունեցվածք ունի Արսեն Թարզյանը
2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում Թարզյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 52 մլն 31 հազար 88 դրամ։ Դրանից 12 մլն 141 հազար 88 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է վարչապետի աշխատակազմից։
Մնացած եկամուտները հիմնականում ստացված վարկերն են։ Մասնավորապես, նա տարբեր վարկային գործարքներով «Ամերիաբանկից» ստացել է 34 մլն 750 հազար դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 3 մլն 90 հազար դրամ, իսկ «ԱյԴի Բանկից»՝ 1 մլն 400 հազար դրամ։
2025 թվականի վերջի դրությամբ Թարզյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 31 մլն 688 հազար 476 դրամ։
Նրա գույքի ցանկում առկա է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/6 բաժինը։ Բնակարանը ձեռք է բերվել 2008 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժառանգությամբ։
Հայտարարագրում նաև նշված է, որ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան։
Թարզյանը հայտարարագրել է նաև 2008 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ գնման եղանակով։
Բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբի 527 հազար 728 դրամից տարեվերջին հասել է 2 մլն 175 հազար դրամի։
Կանխիկ միջոցների մասով էլ փոփոխություն է եղել․ տարվա սկզբում դրամով կանխիկ գումար չի ունեցել, իսկ տարեվերջին հայտարարագրել է 500 հազար դրամ։
Դոլարային կանխիկ միջոցները 1600 դոլարից հասել են 2100 դոլարի։
Արսեն Թարզյանը 2025 թվականին վարկերի մարմանն ուղղել է 36 մլն 988 հազար 843 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




























