Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները:
Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը հավասար ցուցանիշներով կիսել են Լոռու և Արարատի մարզի դատախազությունները:
Կայազորների զինվորական դատախազությունների պարագայում 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը, 2-րդը՝ Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունը, 3-րդը՝ Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված աշխատանքի գնահատման չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝
1.Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
2․Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
3.Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
4.Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:
Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են նաև 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները:
«Համաձայն այդ ցուցանիշների՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և հավելել, որ այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու հանրային պահանջն առավել, քան արդիական է, բացի այդ, Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսված է մինչև 2031 թվականը հանրությանը վերադարձնել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց: «Այս ցուցանիշին հասնելու համար ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրված աշխատանքը»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
Կոլեգիայի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրակարգային այլ հարցերի, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգին, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
























































































