«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում: Հայաստանի երկրորդ քաղաքում է նաև իշխանական վերնախավի զգալի մասը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի են մեկնել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ կազմը, ինչպես նաև կառավարության այլ ներկայացուցիչներ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գյումրիում նախատեսված է դիվանագիտական կորպուսի հետ հանդիպում։ Կառավարության ներկայացուցիչներն ու դիվանագիտբերը քննարկումներ են ունենալու: Նման ձևաչափով հանդիպումները նորություն չեն։ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հավաքում է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին՝ քննարկելու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դիվանագիտական աշխատանքի հիմնական ուղղությունները և առաջիկա անելիքները։
Հատկանշական է, որ նախորդ տարի նման հանդիպումը անցկացվել էր Կապանում։ 2025 թվականի օգոստոսին Կապանում տեղի ունեցած դիվանագիտական հավաքին մասնակցել էին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ, իսկ հանդիպմանն ուղերձով հանդես էր եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս տարի հանդիպման հնարավոր վայր է ընտրվել Գյումրին, ինչը ևս ուշագրավ է՝ հաշվի առնելով իշխանության կողմից մարզային այցերի և տարբեր պետական միջոցառումները Երևանից դուրս անցկացնելու վերջին շրջանի քաղաքականությունը։
Թե հատկապես ինչ հարցեր են քննարկվելու դիվանագետների հետ, ինչ հանձնարարականներ են տրվելու և ինչ առաջնահերթություններ է Նիկոլ Փաշինյանը սահմանելու Հայաստանի արտաքին քաղաքականության համար, առաջիկայում պարզ կդառնա հանդիպման արդյունքներից։
Նշենք նաև, որ 2026 թվականի մարտին Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել էր, իսկ միջոցառման շրջանակում տեղի էր ունեցել նորանշանակ դիվանագետների երդմնակալության արարողությունը և նրանց վկայականների հանձնման գործընթացը։
Սոնա Գրիգորյան