Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Լիբանանի Գերագույն իսլամական շիաների խորհրդի փոխնախագահ շեյխ Ալի ալ-Խատիբի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի անսասան աջակցությունը Լիբանանի ժողովրդին, երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով հանդիպումից։
Լիբանանի Գերագույն իսլամական շիաների խորհրդի փոխնախագահ շեյխ Ալի ալ-Խատիբի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իսլամական միասնության 40-րդ համաժողովին։
Նա Արաղչիին ներկայացրել է Լիբանանում ստեղծված վերջին իրավիճակը և երկրի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիան, ինչպես նաև գովաբանել է Իրանի սկզբունքային դիրքորոշումները՝ լիբանանցի ժողովրդին և նրա ինքնիշխանությանը աջակցելու հարցում։
Արաղչին շնորհակալություն է հայտնել ալ-Խատիբին համաժողովին մասնակցելու համար և ընդգծել Իրանի հատուկ ուշադրությունը Լիբանանի դեմ պատերազմի դադարեցման և իսրայելական ուժերի կողմից օկուպացված լիբանանյան տարածքներից դուրսբերման անհրաժեշտության վրա։




























