ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 31-ին Բիշքեկում հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կողմերը կարևորել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, այդ թվում՝ խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացմանը։ Կառավարության փոխանցմամբ՝ որպես խաղաղության ամրապնդման գործնական դրսևորումներ են դիտարկվել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկկողմ առևտրային հարաբերությունների հաստատումը։
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ ընդգծելով համապատասխան հանձնաժողովների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։
Առանձին անդրադարձ է եղել Վաշինգտոնի պայմանավորվածություններից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP-ի իրականացման հետագա քայլերին։ Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կապակցվածության նախագծերի իրականացումը։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ձևավորված շփումները՝ դրանք դիտարկելով փոխադարձ վստահության ամրապնդման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են շարունակել երկկողմ անմիջական շփումները՝ տևական խաղաղության ամրապնդման, միջպետական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային կապակցվածության խորացման ուղղությամբ։
Ա․ Վարդանյան




























