Իրանը վերականգնել է նախկինում ԱՄՆ-ի հարվածների ենթարկված հրթիռների արտադրության բոլոր օբյեկտները, որոնք այժմ տեղակայված են անվտանգ վայրերում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։
«Այս պատերազմում Իրանի առավելությունն այն է, որ ամբողջ սպառազինությունն արտադրվում է երկրի ներսում։ Բոլոր օբյեկտները վերականգնվել են հնարավորինս անվտանգ վայրերում, և այժմ աշխատում են ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով արտադրության ավելի մեծ ծավալներ»,- ասել է նա լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նաղդին նշել է, որ նախկին որոշ ձեռնարկություններ խոցելի էին, քանի որ դրանց կոորդինատներն ու գտնվելու վայրերը հայտնի էին, սակայն Իրանը հաշվի է առել նախկին սխալները։
Օգոստոսի 12-ին ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել էր, որ Թեհրանի հրթիռների արտադրության ծավալները գերազանցում են հակառակորդին հարվածելու նպատակով դրանց կիրառման ծավալներին։ Նա ընդգծել էր, որ Իրանը կշարունակի հրթիռներ արտադրել, նույնիսկ եթե «այս պատերազմը տարիներ շարունակվի»։
























































































