
Թերթի տեղեկություններով, Վովա Գասպարյանի մտահղացմամբ առաջիկայում նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ։ Թեև այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից։ Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն։ Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն՝ ընդհուպ ծնունդ ընդունել, ինչպես նաև քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան։ Թերթը նշում է, որ ՊՊԾ-ի դեպքում այս գործառույթը նախկինում իրականացնում էին Վալերի Օսիպյանն ու հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը։ Հավանաբար նրանք այլեւս չեն համապատասխանում միտինգ ցրելու ժամանակակից՝ գասպարյանական պահանջներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գասպարյանը հատուկ բծախնդրությամբ է ընտրում այս ստորաբաժանման թեկնածուներին։ Նույնիսկ երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է լինեն “”քաղաքացիների պահապան հրեշտակները””։ Ի դեպ, նա խիստ կարևորել է երիտասարդ լինելն ու բարետես արտաքինը՝ թերևս հրեշտակների իմիտացիա ստեղծելու համար։ Կընդգրկվեն նաև կանայք։ Այնպես որ, բազազների ժամանակն անցավ, եկել է երիտասարդ, ինտելիգենտ ու համակրելի ոստիկանների ժամանակը։