Ինչպես հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի որդուն՝ Էռնեստ Բատիկյանին, նախաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք էր ներկայացրել այն բանի համար, որ, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և միաժամանակ գտնվելով ոչ սթափ վիճակում, 2024 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վարել է «Մազդա» մակնիշի՝ 37 ZL 395 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկ Հայկ Նասլյանի կողմից նույն օրը՝ ժամը 03:25-ին, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Մեղադրյալ Էռնեստ Կարենի Բատիկյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հիմնական դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը պարեկային ծառայության աշխատակիցները մտել են իրենց շենքի բակ, իսկ մինչ այդ իրենք չեն հասկացել, որ ավտոմեքենան կանգնեցնում են։
Պարեկներն իրենց մոտեցել են շենքի բակում, երբ ինքը և Լեոնարդ Պողոսյանը մեքենայից դուրս են եղել։ Նրանց բացատրել է, որ ինքը ղեկին չի գտնվել, սակայն պարեկները պնդել են, որ պետք է արձանագրեն։
Ինքը հենց սկզբից ասել է, որ ալկոհոլ օգտագործած է, այդ պատճառով մեքենան չի վարել, այլ վարել է Լեոնարդը։ Պարեկները չափել են իր խմածությունը, կազմել են արձանագրություն, որտեղ ինքը նշում է կատարել, որ մեքենան ինքը չի վարել։
Լեոնարդ Պողոսյանը նույնպես բազմիցս փորձել է բացատրել, որ ինքն է եղել ղեկին, բայց պարեկներն ընդհանրապես իրենց չեն լսել։
Այն պահին, երբ պարեկները մոտեցել են, մեքենան կանգնած վիճակում է գտնվել, իսկ ինքն ու Լեոնարդը դրսում խոսում էին։ Նրանք մոտեցել են և ասել, որ ղեկին եղել է ինքը, պնդել են, որ տեսել են իրեն, սակայն ֆիզիկապես անհնար էր, որ տեսած լինեին։
Պարեկային ծառայության աշխատակիցներն ասել են, որ դեռևս կրկեսի մոտից տեսել են, որ ինքն է վարել մեքենան, իսկ իրենց բակը, որտեղ մոտեցել են, գտնվում է քաղաքապետարանի դիմաց։
Պնդում է, որ մեքենան ինքը չի վարել, այլ վարել է Լեոնարդը։
Ավելին, դատարանին այդպես էլ չեն ներկայացվել պարեկներ Նարեկ Սաֆարյանի և Հայկ Նասլյանի ծառայողական համազգեստին ամրացված կամ նրանց ծառայողական ավտոմեքենայի վրա տեղադրված տեսանկարահանող սարքերի արձանագրած տեսագրությունները, որոնք կարող էին առանցքային նշանակություն ունենալ հարցաքննված անձանց ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու և վարույթի լուծման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու տեսանկյունից։
Արդյունքում դատարանը վճռել է ճանաչել և հռչակել Էռնեստ Բատիկյանի անմեղությունը։
Որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը ևս անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























