Armenian text to speach

Ո՞վ է ՏԿԵ նախարարի նորանշանակ տեղակալ Դավիթ Իվանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Իվանյանը մինչ այս աշխատել է մասնավոր հատվածում, ապա 2020 թվականին հայրենադարձվել է Հայաստան և ներգրավվել պետական համակարգում։ Նա նաև վարչապետի նախաձեռնությամբ ձևավորված՝ ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկված թեկնածուներից է։

Դավիթ Իվանյանը ծնվել է 1994 թվականի մարտի 10-ին՝ Մոսկվայում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում։ 2013-2016 թվականներին սովորել է Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ։ 2016-2017 թվականներին ուսումը շարունակել է Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան։

Մասնագիտական գործունեությունը Իվանյանը սկսել է մասնավոր հատվածում։ 2017-2019 թվականներին Մոսկվայում աշխատել է «FM Logistic» ընկերությունում՝ որպես բիզնեսի զարգացման մասնագետ, 2019-2020 թվականներին՝ «DSV Panalpina» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջեր, իսկ 2020 թվականին՝ «DPD» ընկերությունում՝ նույն պաշտոնում։

2020 թվականին նա հայրենադարձվել է Հայաստան՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին հոսքի շրջանակում։ Նույն թվականին ներգրավվել է պետական համակարգում՝ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փորձագետ և «իԳործ» ծրագրի մասնակից։

2021-2022 թվականներին Իվանյանը եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի առևտրային ուղղության պրոդուկտի մենեջեր։

2022 թվականից մինչև 2026 թվականը նա ղեկավարել է «Yandex Առաքում» ծառայությունը Հայաստանում, իսկ 2025 թվականից՝ նաև Վրաստանում։

Այսպիսով, ՏԿԵ նախարարի նոր տեղակալը պետական համակարգում մինչ այս աշխատելուց բացի, ունի նաև մասնավոր հատվածում բիզնեսի զարգացման և կառավարման փորձ։

Հատկանշական է, որ Դավիթ Իվանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ընդգրկվել է ՀՀ կառավարության կադրային բանկում։ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր դիմելու կադրային բանկում ընդգրկվելու համար։ Օգոստոսի 4-ին վարչապետը հայտնել էր, որ ստացվել էր 1141 հայտ, որոնցից 459 թեկնածու անցել էր ընտրության երկրորդ փուլ։

Դավիթ Իվանյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է։

Փաստորեն, արտերկրում կրթություն ստացած և մասնավոր հատվածում երկար տարիներ աշխատած Դավիթ Իվանյանը պետական համակարգ վերադառնալուց վեց տարի անց նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ։ Իսկ թե ինչ արդյունքներով նա կկարողանա իր մասնագիտական փորձը կիրառել պետական կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում, ցույց կտա ժամանակը։

Անի Վարդանյան




Լրահոս