Հայաստանի կառավարության օրակարգում Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարց չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Փաշինյանն, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, արձագանքել է.
«Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք բացարձակապես նման բան անելու մտադրություն ո՛չ ունենք, ո՛չ էլ երբևէ ունեցել ենք, ո՛չ էլ նման բան մեր մտքով անցել է։ Ընդհակառակը՝ մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զնբոսաշրջիկներին, և տեսնում ենք, որ հիմա նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելությունները առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, և նրանք էլ, կարծես, Հայաստանում իրենց վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք, ինչպես, իհարկե, նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում։ Նման բան մեր մտքով երբեք չի էլ անցել, մենք նման պատճառ չունենք»։
























































































