Armenian text to speach

Մարտունու ընտրական թեժ աշունը․ Հովհաննես Հովեյանի իշխանության տարիների հետքերն ու ՔՊ-ի նոր փորձությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետի ընտրություններ են։ Սակայն ընտրության գլխավոր հարցը միայն այն չէ, թե ով է լինելու հաջորդ համայնքապետը։ Մարտունու դեպքում ընտրությունը նաև գործող իշխանության համար պատասխան է այն հարցին, թե որքանով է համայնքի ղեկավարման գործող մոդելը պահպանել իր ազդեցությունը։

Այս պահին Մարտունի համայնքի ղեկավարն է Հովհաննես Հովեյանը։ Նա պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո։ Մինչ այդ Հովեյանը շուրջ 16 տարի՝ 2005-2021 թվականներին, ղեկավարել է Վարդենիկ համայնքը։ Նրա կենսագրության համաձայն՝ ծնվել է 1966 թվականի օգոստոսի 22-ին Վարդենիկում, կրթություն ստացել Տյումենում, մասնագիտությամբ մենեջմենտ-ֆինանսիստ է։

Հովեյանը՝ նախկին ՀՀԿ-ական, այսօր՝ ՔՊ-ի թիմում

Հովեյանի քաղաքական անցյալի ամենաուշագրավ հանգամանքներից մեկը նրա կուսակցական ճանապարհն է։

2021 թվականի ընտրություններին նա արդեն առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով և ցուցակի առաջին համարն էր։ Այդ ժամանակ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում Հովեյանը բացահայտ ասում էր, որ ընտրություններին իր մասնակցությունը նաև պայմանավորված է նրանով, որ «կուսակցությունն էլ որոշեց», որ ինքը պետք է մասնակցի։ Նա խոսում էր համայնքների համաչափ զարգացման, գյուղատնտեսության, սոցիալական խնդիրների, առողջապահության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության զարգացման մասին։

Այսինքն՝ Հովեյանի ներկայիս քաղաքական դիրքը որևէ գաղտնիք չէ․ նա իշխանական թիմի թեկնածու է եղել և համայնքապետ է ընտրվել ՔՊ-ի ցուցակով։ 2021 թվականի ընտրություններից հետո նա դարձել է Մարտունու խոշորացված համայնքի ղեկավար։

Սակայն նրա անցյալի վերաբերյալ մամուլում եղել են նաև հրապարակումներ, որտեղ Հովեյանը ներկայացվել է որպես նախկին ՀՀԿ-ական և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին համայնքային իշխանության ներկայացուցիչ։ Մասնավորապես, Հովեյանը նախկինում աջակցել է ՀՀԿ-ին, իսկ 2021-ին արդեն հայտնվել է ՔՊ-ի ցուցակում։

Այս հանգամանքը, բնականաբար, քաղաքական հարց է առաջացնում․ ի՞նչ փոխվեց Հովեյանի քաղաքական հայացքներում՝ իշխանափոխությունից հետո, և ինչո՞ւ մարդը, որը տարիներ շարունակ աշխատել էր նախկին իշխանության համակարգում, դարձավ նոր իշխանության վստահելի տեղական կադրերից մեկը։

Ամենամեծ աղմուկը՝ համայնքի պայմանագրերն ու ՔՊ-ական ավագանին

Հովեյանի ղեկավարած Մարտունու համայնքապետարանի շուրջ ամենաուշագրավ վերջին հրապարակումներից մեկը վերաբերում է համայնքային գնումներին։

Infocom-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ 2022-2025 թվականներին Մարտունու համայնքապետարանը շուրջ 741 մլն դրամի 8 պայմանագիր է կնքել «Կոթաշին» ընկերության հետ։

Խնդրի առանցքում այն փաստն է, որ ընկերության սեփականատերն ու տնօրենը մինչև 2025 թվականը եղել է Մարտունու ավագանու անդամ Պապ Դանիելյանը, որը համայնքի ավագանի էր ընտրվել հենց ՔՊ-ի ցուցակով։ 2025 թվականի ապրիլից ընկերության սեփականատեր ու տնօրեն է դարձել նրա կինը՝ Լիանա Սերոբյանը։

Ըստ նույն հետաքննության՝ միայն 2024 թվականին «Կոթաշինի» և համայնքապետարանի միջև կնքվել է մոտ 398 մլն դրամի 4 պայմանագիր, իսկ 2025 թվականի մայիսին կնքվել է ևս 216 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը տարբեր բնակավայրերում իրականացրել է ջրագծերի, խաղահրապարակների, ոռոգման համակարգերի, կանգառատեղիների և այլ աշխատանքներ։

Այստեղ ամենակարևոր քաղաքական հարցն այն է, որ հրապարակման հեղինակները մատնանշել են հնարավոր շահերի բախման խնդիրը, մինչդեռ համայնքի ղեկավարը, ըստ հետաքննության, այդտեղ շահերի բախում չի տեսել։

Այս պատմությունը Մարտունու առաջիկա ընտրությունների համատեքստում կարող է դառնալ ամենախոցելի թեմաներից մեկը։

Որովհետև հարցը միայն 741 միլիոն դրամը չէ։ Հարցն այն է՝ արդյո՞ք համայնքի ղեկավարի քաղաքական թիմի անդամների հետ փոխկապակցված բիզնեսները պետք է շարունակեն համայնքային խոշոր պատվերներ ստանալ, և որտե՞ղ է այդ գործընթացում ավարտվում քաղաքական թիմի շահը ու սկսվում համայնքի բնակչի շահը։

Իսկ ի՞նչ էր խոստանում Հովեյանը

2021-ի ընտրարշավի ժամանակ Հովեյանը խոստանում էր լուծել Մարտունու և հարակից բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրները։

Նա խոսում էր ճանապարհների, խմելու և ոռոգման ջրագծերի, փողոցային լուսավորության, մանկապարտեզների, սպորտային դպրոցների և աղբահանության խնդիրների մասին։ Խոստանում էր նաև աջակցել գյուղմթերքի վերամշակմանը, նոր արտադրությունների ստեղծմանը, սառնարանների ու ֆերմերային տնտեսությունների զարգացմանը։

Այսօր արդեն կարելի է ոչ թե խոստումներ, այլ արդյունքներ քննարկել։

Համայնքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականից 2026 թվական է տեղափոխվել 27 սուբվենցիոն ենթածրագիր՝ շուրջ 3 մլրդ 295 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Դրանց թվում են փողոցների ասֆալտապատում, ոռոգման ցանցերի կառուցում, լուսավորության համակարգերի անցկացում, մանկապարտեզների և մշակույթի տների հիմնանորոգում։ Համայնքապետարանից հայտնել էին, որ այդ ծրագրերից մոտ 1.2 մլրդ դրամի շինարարություն արդեն իրականացվել էր։

Բայց ընտրությունների նախաշեմին հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք կատարված շինարարական աշխատանքները բավարար են Մարտունու բնակիչների համար, և արդյո՞ք համայնքի ծախսերի ու պայմանագրերի շուրջ առաջացած հարցերին իշխանությունը պատրաստ է տալ լիարժեք պատասխաններ։

Եվ հիմա՝ երկրորդ անգամ ՔՊ-ի առաջադրած Հովեյա՞նը

Հոկտեմբերի 25-ի ընտրությունների ամբողջական քաղաքական պատկերը դեռ վերջնական չէ․ ԿԸՀ-ի ժամանակացույցով կուսակցությունների և դաշինքների ցուցակների գրանցումը տեղի է ունենալու սեպտեմբերի 20-25-ը։

Բայց մեկ բան արդեն ակնհայտ է․ Մարտունին լինելու է ՔՊ-ի համար կարևոր փորձություն։

Ուստի հոկտեմբերի 25-ի ընտրությունը Հովեյանի համար պարզապես հերթական ընտրություն չէ։

Այն կարող է վերածվել քաղաքական հաշվետվության։

Մյուս կողմում՝ իշխանության նկատմամբ ավանդական հարցերը՝ համայնքային միջոցների տնօրինման թափանցիկությունը, ՔՊ-ի ավագանու անդամի հետ փոխկապակցված ընկերությանը հարյուրավոր միլիոնների պայմանագրերը, Հովեյանի նախկին ՀՀԿ-ական անցյալը և այն հարցը, թե որքանով է համայնքի կառավարումը դարձել իրականում մրցակցային ու հաշվետու։

Մարտունու ընտրությունների գլխավոր ինտրիգը, հետևաբար, կարող է լինել ոչ միայն այն, թե ով կհաղթի հոկտեմբերի 25-ին, այլև՝ արդյոք Հովեյանի շուրջ ձևավորված քաղաքական ու կառավարչական համակարգը կստանա՞ բնակիչների նոր վստահությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս