ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Truth Social սոցիալական ցանցում քարտեզ է հրապարակել, որտեղ Նյու Մեքսիկո նահանգի անվանումը փոխարինված է «New America»՝ «Նոր Ամերիկա» անվամբ։
Հրապարակված քարտեզում «Mexico» բառը կարմիր գծով ջնջված է, իսկ դրա փոխարեն գրված է «America»։ Թրամփը հրապարակմանը որևէ բացատրություն չի կցել։ Սպիտակ տունը նույնպես չի հայտարարել Նյու Մեքսիկոյի անվան պաշտոնական փոփոխության որևէ նախաձեռնության մասին։
Միևնույն ժամանակ, Թրամփը իրավասու է որոշ աշխարհագրական օբյեկտների, այդ թվում՝ ջրային տարածքների, անվանումներ փոխելու ԱՄՆ աշխարհագրական անվանումների համակարգում, սակայն նահանգի անվանումը նախագահի հրամանով փոխել հնարավոր չէ։ Նահանգի անվան փոփոխության համար անհրաժեշտ է համապատասխան գործընթաց հենց տվյալ նահանգի մակարդակով։
Թրամփը վերջին շրջանում մի քանի անգամ հանդես է եկել աշխարհագրական անվանումները փոխելու նախաձեռնություններով։ 2025 թվականի հունվարին՝ պաշտոնը ստանձնելու առաջին օրը, նա հրամանագիր էր ստորագրել Մեքսիկական ծոցի անվանումը «Ամերիկայի ծոց» փոխելու վերաբերյալ։ Ավելի ուշ փոխվեց նաև Օնտարիո լճի անվանումը՝ «Ամերիկա լիճ»։
Թրամփի նոր հրապարակմանը արձագանքել է Նյու Մեքսիկոյի նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միշել Լուժան Գրիշամը։ Նա հայտարարել է, որ նահանգի անվանումը քննարկման ենթակա չէ՝ Թրամփին մեղադրելով ամերիկացիների ուշադրությունը այլ խնդիրներից շեղելու փորձի մեջ։
«Մինչ նախագահը փորձում է շեղել ամերիկացիների ուշադրությունը Իրանում իր աղետալի պատերազմից, վառելիքի գները շարունակում են աճել»,- գրել է նահանգապետը X-ում։
Թրամփի հրապարակմանը քննադատաբար է արձագանքել նաև Նյու Մեքսիկոն ներկայացնող դեմոկրատ սենատոր Մարտին Հայնրիխը՝ նշելով, որ ինքը միշտ օգտագործելու է աշխարհագրական օբյեկտների իրական անվանումները՝ Մեքսիկական ծոց, Օնտարիո լիճ և Նյու Մեքսիկո։
Նյու Մեքսիկո նահանգի անվանումը պատմականորեն գալիս է դեռևս 16-րդ դարից՝ նախորդելով ԱՄՆ-ի հիմնադրմանը։
Թրամփը նախկինում ևս հայտարարել է աշխարհագրական օբյեկտների անվանումները փոխելու իր ցանկության մասին՝ դրանք ներկայացնելով որպես նախագահական լիազորությունների դրսևորում։ Օնտարիո լճի անվան փոփոխության նախաձեռնությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության պայմաններում։
Թրամփը նաև չի բացառել ԱՄՆ-ի հարևանությամբ գտնվող օվկիանոսներից մեկի անվան փոփոխությունը՝ հայտարարելով, որ հնարավոր է փոխվի Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը։
Անի Վարդանյան




























