Armenian text to speach

Ալխաս Ղազարյանը՝ ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ․ ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում նոր պաշտոնական վերադասավորումներ են սպասվում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում որոշում է կայացվել հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանին։

Մեր տեղեկություններով՝ հարցը նախատեսվում է պաշտոնապես ներկայացնել հանձնաժողովի առաջիկա նիստում, որը պետք է կայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին։ Հենց նիստի ընթացքում էլ, ըստ մեր տեղեկությունների, կհայտարարվի նոր տեղակալի թեկնածության մասին և կձևակերպվի համապատասխան որոշումը։

Հատկանշական է, որ Ալխաս Ղազարյանը ՔՊ խմբակցության պատգամավոր է և վերջին ամիսներին ԱԺ-ում բավական ակտիվ ներգրավվածություն է ունեցել օրենսդրական աշխատանքում։ Մասնավորապես, նա հեղինակակից է եղել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքին, «Հանրաքվեի մասին» օրենքին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող նախագծերի։

Միևնույն ժամանակ, այս նշանակումը ուշագրավ է նաև քաղաքական առումով։ Ալխաս Ղազարյանը մինչ այս հիմնականում ակտիվ էր պետաիրավական ուղղության օրենսդրական աշխատանքներում։

Հավելենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Սիսակ Գաբրիելյանն է։

Այս հանձնաժողովը պատասխանատու է գիտության, կրթության, մշակույթի, հայրենադարձության, սփյուռքի հետ կապերի, երիտասարդության, սպորտի, ինչպես նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտների խորհրդարանական վերահսկողության և օրենսդրական աշխատանքների համար։

Նշենք, որ Ալխաս Ղազարյանը առաջադրվել էր ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն ՔՊ վարչությունը չընտրեց նրան:

Սոնա Գրիգորյան




Լրահոս