Հայաստանյան մամուլն այսօր բավական հագեցած է իշխանության կադրային քաղաքականությանը, առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Սյունիքում ՔՊ-ի հաշվարկներին, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական խնդիրներին վերաբերող հրապարակումներով։
Եվ այսպես, Օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները
Փաշինյանը Մեքսիկա է ուղարկում իր խորհրդականին
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։
Թերթի տեղեկություններով՝ Դումանյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Մեքսիկա, և սպասվում է այդ երկրի համաձայնության հարցի հստակեցումը։ Այսպիսով, կրթության և գիտության ոլորտում երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Դումանյանի համար կարող է բացվել դիվանագիտական կարիերայի նոր էջ։
ՔՊ-ն Կապանը վերցնելու համար ընտրել է Նարեկ Բաբայանին: Սյունիքը շարունակում է մնալ իշխանության ամենակարևոր քաղաքական ուղղություններից մեկը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Կապանի համայնքապետի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Սյունիքի նախկին փոխմարզպետ, ներկայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին։ Թերթը նկատում է, որ Բաբայանին հեշտ պայքար չի սպասվում, քանի որ Կապանում գործող համայնքապետն ունի ամուր դիրքեր։
«Հրապարակ»-ը գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորել իշխանական ցուցակը։ Ըստ թերթի՝ Պողոսյանը հարցումներում համարվում է տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն։
«Հրապարակ»-ի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումներից մեկը վերաբերում է մարզպետներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը ՔՊ-ական մարզպետներին հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել այնպիսի համայնքապետի թեկնածուներ, որոնք կարող են հաղթել ՏԻՄ ընտրություններում։ Հակառակ դեպքում պարտության հետևանքները կարող են կրել հենց մարզպետները՝ ընդհուպ պաշտոնանկության տեսքով։
Թերթի աղբյուրներից մեկը նույնիսկ դժգոհել է, որ հեղինակավոր ու հարգված ՔՊ-ական գտնելը դժվար է, և իշխանությունը ստիպված է բանակցել տարածքներում ազդեցություն ունեցող մարդկանց հետ։
«Փաստ». Մոսկվայից կոշտ ազդակներ Երևանին
«Փաստ»-ի այսօրվա գլխավոր քաղաքական հրապարակումներից մեկը վերաբերում է Փաշինյան–Պուտին բիշքեկյան հանդիպմանը։ Թերթը գրում է, որ հանդիպումը ցույց է տվել՝ Ռուսաստանը դիվանագիտական ձևակերպումներից անցնում է ավելի կոշտ քաղաքականության և Հայաստանի իշխանություններին փաստացի առաջարկում է կողմնորոշվել արտաքին քաղաքական ուղղության հարցում։
«Ժողովուրդ»-ի տնտեսական հրապարակումն էլ բավական ուշագրավ է։
Թերթի տեղեկություններով՝ Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ դեֆիցիտ է առաջացել։ Կառուցապատողները ահազանգում են, որ անհրաժեշտ քանակությամբ ցեմենտ ձեռք բերելը գնալով դժվարանում է։
Որոշ կառուցապատողներ, ըստ թերթի, ստիպված են տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում անգամ ապրանքը ձեռք են բերում պարտքով կամ նախնական պայմանավորվածությամբ՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։
«Ժողովուրդ»-ը գրում է, որ սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, իսկ նախնական տվյալներով նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Դրանից հետո ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել է չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման համար, իսկ ավելի ուշ պարզաբանել է, որ ջուրը կարելի է օգտագործել միայն եռացնելուց հետո։
Թերթը կարևոր հարց է բարձրացնում․ եթե լաբորատոր հետազոտությունների վերջնական պատկերը դեռ հայտնի չէր, ինչո՞ւ էր բնակչությանը նախապես տրվել ջուրը չօգտագործելու հորդոր։
ՀՎԿԱԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և վերջնական պատկերը հնարավոր կլինի ստանալ մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում։




























