Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեք նոր անդամով է համալրվել։ Ավագանու կազմում ընդգրկվել են Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը։
Նրանք կփոխարինեն ՔՊ խմբակցության նախկին անդամներ Միքայել Խաչատրյանին, Լևոն Լևոնյանին և Նատալյա Սինորյանին, որոնք իրենց դիմումների համաձայն վաղաժամկետ դադարեցրել են ավագանու անդամի լիազորությունները։
Վերջիններս Երևանի ավագանու մանդատները վայր են դրել՝ ՀՀ Ազգային ժողովում պատգամավորական գործունեություն իրականացնելու նպատակով։ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը և Նատալյա Սինորյանը պատգամավորական մանդատ են ստանձնել և այժմ գործունեությունը շարունակում են խորհրդարանում։
Թափուր մանդատների հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել էր դեռևս հուլիսի 27-ին։ ԿԸՀ-ի որոշմամբ՝ դրանք փոխանցվել են ՔՊ-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներին՝ Գոհար Հարությունի Սաֆարյանին, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին և Արթուր Ռազմիկի Մայիլյանին։
Նկատենք նաեւ այն, որ Միքայել Խաչատրյանը ՔՊ խմբակցության քարտուղարն էր և այժմ նրան փոխարինելու է Նուարդ Վարդանյանը։ Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է և Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։ Նշենք, որ Նուարդ Վարդանյանը հայտնի է «ականջ ծամող» կեղծանվամբ։ Նա 2019 թվականին գրառում էր կատարել ֆբ-յան իր էջում՝ սպառնալով «հատ-հատ ծամել բոլորի ականջները»։
Միաժամանակ փոփոխություն է տեղի ունեցել նաև «Մայր Հայաստան» խմբակցության կազմում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, Մեսրոպ Մանուկյանի մանդատը փոխանցվել է Կարապետ Վարդանյանին։
Երևանի ավագանու կազմում կատարված փոփոխությունների մասին սեպտեմբերի 8-ի նիստի մեկնարկին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նանիկ Աղասյան




























