Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորմանն ու տարբեր ոլորտներում նրանց ներուժի ներգրավմանն ուղղված աշխատանքները և նշել, որ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի հետ այս նախաձեռնության համադրումն էլ ավելի կնպաստի ծրագրի առանցքային նպատակների իրագործմանը: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
Երկրի ղեկավարը նաև ողջունել է տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ձևավորման նախաձեռնությունը և այս առումով ընդգծել՝ դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման, նրանց բարձրակարգ կրթության ապահովմանն ուղղված համակարգային լուծումները:
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանն ու բիզնես կապերի ընդլայնմանը և զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ Կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ–ի միջև համագործակցությունը՝ վերոնշյալ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։





























