Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օրենսդրական միջոցներ: Ինչպես հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սթիվեն Դաութին, սահմանափակումները կվերաբերեն Իսլամական Հանրապետության ֆինանսական համակարգին, առևտրին և ծովային փոխադրումներին:
Խորհրդարանի կողմից հաստատման դեպքում կվերականգնվեն մի շարք պատժամիջոցներ, որոնք չեղարկվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային գործարքի համաձայն։
«Ֆինանսական միջոցներն էլ ավելի կսահմանափակեն Իրանի կառավարության հնարավորությունները՝ հասանելիություն ունենալու Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգին և միջոցներ ներգրավելու իր միջուկային ծրագրի ֆինանսավորման համար: Այս օրենսդրության շրջանակներում ընդլայնվում է ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ գործում են առևտրային արգելքներ: Դա վերաբերում է այն ոլորտներին, որոնք առանցքային դեր են խաղում այն ճյուղերում, որոնք նպաստում են Իրանի միջուկային ներուժի մեծացմանը, ինչպիսիք են էներգետիկան, ծրագրային ապահովումը, մետալուրգիան, ոսկու արդյունահանումը, ինչպես նաև գործունեության ուղեկցող տեսակները, ներառյալ ծովային փոխադրումները, ապահովագրությունը և բանկային ծառայությունները», – ասված է Դաութիի հայտարարության մեջ:
Արգելվում է նաև «լրացուցիչ ապրանքների և տեխնոլոգիաների» արտահանումը, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի սովորական սպառազինության արտադրության և միջուկային ներուժի զարգացման համար:
Բացի այդ, սահմանվում է իրանական օդանավերի վայրէջքի արգելք Մեծ Բրիտանիայում՝ բացառությամբ մի շարք դեպքերի:
Դաութին հավելել է, որ «օրենսդրությունն ընդլայնում է պատժամիջոցների սահմանման լիազորություններն այն նավերի նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի միջուկային ծրագրի իրագործումը և նպաստում նրա խափանարար և ապակայունացնող գործունեությանը»:




























