Կենդանի լեգենդը չարդարացրեց իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Յուրի Վարդանյանն ազատվել էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանով այդ պաշտոնում նրան փոխարինել է ՀԱՕԿ սպորտվարչության նախկին պետ Գաբրիել Ղազարյանը: Այսօր armlur.am-ը կանդրադառնա նախկին նախարարի կենսագրական տվյալներին ու գործունեությանը:

Նա ծնվել է 1956թ. հունիսի 13-ին, Լենինական քաղաքում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն:

Մասնակցել է ծանրամարտի գծով Եվրոպայի, Աշխարհի, Օլիմպիական խաղերին, ԽՍՀՄ առաջնություններին: Եղել է ԽՍՀՄ բազմակի, Աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ:
1994-1997թթ. եղել է ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ բասկետբոլի «Չիկագո-Բուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը:

Նա մինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելը եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը:
Նախարարը ստացել է բազմաթիվ պետական պարգևներ և մրցանակներ 1985թ. Լենինի շքանշանակիր, 1980թ. «Աշխատանքային կարմիր աստղի» շքանշանակիր, 2008թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:

Անդրադառնանք նախկի նախարարի ունեցվածքի հայտարարագրին: Նա իր ունեցվածքի հայտարարագրում նշել է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, տուն թանգարան և մեկ առանձնատուն: Անշարժ գույք բաժնում էլ նշված է չորս ավտոմեքենա: Սակայն Վարդանյանի դրամական միջոցներն այնքան էլ հարուստ չեն` 1.250.000 դրամ, իսկ նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

Յուրի Վարդանյանը քաղաքական նկատառումներից ելնելով 1992թ. արտագաղթել է ԱՄՆ, ուր զբաղվել է հասարակական-քաղաքական և մարզչական գործունեությամբ: Նրա քաղաքական դիրքորոշումները տարիների ընթացքում շեշտակի փոփոխության է ենթարկվել: Մինչ Սերժ Սարգսյանի խորհրդական նշանակվելը` նա ուներ ընդդիմադիր դիրքորոշում և ակտիվորեն սատարում էր ընդդիմադիր գործիչներին:

Լինելով ԱՄՆ-ում նա 1998, 2003, 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածուներ Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին և Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բացի այդ նա լայն մասնակցություն է ունեցել ու աջակցել Համաժողովրդական շարժումներին: 2008-ի մարտի 1-ից հետո նա անսպասելիորեն վերադարձավ Հայաստան, իսկ որոշ ժամանակ անց նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Այդ ժամանակներից սկսած մշտապես տարատեսակ խոսակցություններ են եղել նրան տարբեր պաշտոններում նշանակելու մասին: Եվ այդպես էլ եղավ. որոշ ժամանակ անց նա նշանակվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանի փոխարեն, ով այժմ զբաղեցնում է ՀԱՕԿ քարտուղարի պաշտոնը:

Չնայած իր կարճ պաշտոնավարմանը, Վարդանյանին հաջողվել է լինել մի քանի աղմկահարույց իրադարձությունների և կոնֆլիկտների կենտրոնում: Մասնավորապես, բազմիցս խոսակցություններ են եղել այն մասին, որ նրա և ֆեդերացիաների ղեկավարների միջև հարաբերությունները լարված են: Սակայն նախարարը, ինչպես և սպասվում էր, միշտ հերքել է այդ լուրերը:

Միշտ լարված հարաբերություններ են ունեցել նաև նախկին նախարարն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ հարաբերություններն արտահայտվել են փոխադարձ մեղադրանքների, քննադատությունների տեսքով, որոնք շատ հաճախ կրել են բավական սուր բնույթ:

Անցյալ տարի էլ տեղեկատվություն ստացվեց այն մասին , որ Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար: Այս ամենից հետո նույնիսկ իշխանական շատ պատգամավորներ հայտարարում էին, թե Յուրի Վարդանյանը պետք է հրաժարական տա: Սակայն այդպիսի բան չեղավ. Նախկին նախարարը պաշտոնավարեց մինչ Կառավարության հրաժարականը:

Շատերն էին խոսում այն մասին, որ սպորտի վաստակավոր վարպետին այնքան էլ սազական չէ նախարարի նման պաշտոնը: Ինքն էլ պարբերաբար հարցազրույցների ընթացքում նշել էր, թե ինքը մարզիկ է և նախարարի պաշտոնում իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում: Սերժ Սարգսյանն էլ նախկին նախարարի մասին խոսելիս ասել է, թե նա կենդանի լեգենդ է և պետք է օգտագործվի նրա անունը սպորտի ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Բայց Վարդանյանի կենդանի լեգենդ լինելը չօգնեց նրան նախարար վերանշանակվելու հարցում:




Լրահոս