Armenian text to speach

Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ։ ՀՀ վարչապետի N 891-Ա որոշմամբ հաստատվել է Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը, ինչպես նաև գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։

Որոշման համաձայն՝ Ֆրանսիա են մեկնել Նիկոլ Փաշինյանը, Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը և Գևորգ Գալստյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Միաժամանակ որոշմամբ գործուղման հետ կապված ծախսեր են նախատեսվել նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի, Գագիկ Վանոյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Գևորգ Մանթաշյանի համար։

Որոշման համաձայն՝ Անահիտ Ավետիսյանի համար նախատեսվում է ճանապարհածախս, իսկ վերոնշյալ պատվիրակության անդամների և Անահիտ Ավետիսյանի համար՝ նաև գիշերավարձի ծախսեր։

Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը, ինչպես նաև Անահիտ Ավետիսյանի ճանապարհածախսը, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

Նույն անձանց և Անահիտ Ավետիսյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը կկատարվեն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանի գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ նույն նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Դավիթ Խուդաթյանի գործուղման ծախսերը նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ Գևորգ Մանթաշյանինը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության միջոցների հաշվին։

Որոշման համաձայն՝ գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կատարելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս