«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ունեցվածքը։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Անդրեասյանի եկամուտը կազմել է 5 մլն 270 հազար 500 դրամ։ Ամբողջ գումարը ստացվել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմից։
Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա տարեվերջին Խաչատուր Անդրեասյանի անունով առկա է եղել 3 միավոր անշարժ գույք։ Դրանցից երկուսը «հողին ամրակայված այլ անշարժ գույք» են, իսկ մեկը՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Բոլոր երեք գույքերը նրա սեփականությունն են՝ ձեռք բերված համապատասխանաբար 2005 և 2007 թվականներին։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից որևէ մեկը չի օտարել։
Տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրում չի նշել։ Նրա բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 700 հազար դրամ։ Միաժամանակ, հայտարարագրել է նաև կանխիկ դրամ՝ տարվա սկզբի 360 հազար դրամի փոխարեն տարեվերջին ունենալով 400 հազար դրամ։
Ուշագրավ է նաև համայնքապետի բիզնես մասնակցությունը։ Խաչատուր Անդրեասյանը «Ենոք-Մարի» ընկերությունում ունի 100 տոկոս մասնակցություն, որը ձեռք է բերել 2001 թվականի հունիսի 22-ին։ Բացի այդ, նա 50 տոկոս մասնակցություն ունի «Բարձրաշենի ալրաղաց» ընկերությունում․ այդ մասնակցությունը ձեռք է բերել 2003 թվականի սեպտեմբերի 26-ին։
Հայտարարագրում նշված է նաև, որ Անդրեասյանի ընտանիքի անդամ Ենոք Անդրեասյանը «ՍԱԼՄԱՐ» ընկերության տնօրենն է։
Քաղաքական առումով Խաչատուր Անդրեասյանը հայտարարագրել է անդամակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ որպես Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահ։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը տարվա ընթացքում ստացել է 5.27 մլն դրամ եկամուտ, տարեվերջին ունեցել է 3 միավոր անշարժ գույք, 700 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ, 400 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև երկու առևտրային կազմակերպություններում՝ համապատասխանաբար 100 և 50 տոկոս մասնակցություն։
Սոնա Գրիգորյան


















































































