Armenian text to speach

Կայա Կալասը քննադատության թիրախում է․ ԵՄ երկրները տապալել են նրա նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը բախվել է ԵՄ մի շարք անդամ երկրների բացահայտ դժգոհությանը։ Նրա դիրքերը բարդանում են նաև այն պատճառով, որ Բրյուսելում ավելի ակտիվորեն են քննարկվում ԵՄ արտաքին քաղաքականության կառավարման համակարգի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) բարեփոխման հնարավորությունները։

Euronews-ի փոխանցմամբ՝ Կալասը հերթական քաղաքական պարտությունն է կրել այն բանից հետո, երբ ԵՄ անդամ երկրները տապալել են եվրոպական պաշտպանության հարցերով փորձագիտական խումբ ստեղծելու նրա նախաձեռնությունը։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կիրակի օրը՝ վերջին պահին, չեղարկել է բարձր մակարդակի փորձագիտական խմբի ստեղծման նախաձեռնությունը։ Խումբը պետք է զեկույց պատրաստեր ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդման վերաբերյալ՝ մասնավորապես բացահայտելով ռազմավարական ներդրումների պակասը։

Կալասը նախաձեռնության մասին հայտարարել էր դրանից ընդամենը մի քանի օր առաջ՝ նշելով, որ նպատակն է անվտանգության և պաշտպանության ոլորտի լավագույն մասնագետներին մեկտեղել և ստանալ նոր, ոչ ստանդարտ լուծումներ։

Սակայն ԵՄ պաշտոնյան Euronews-ին հայտնել է, որ որոշ անդամ երկրներ կարծում էին՝ այս պահին նման նախաձեռնությունը ճիշտ ուղղությունը չէ։

Իտալիան և Ֆրանսիան դեմ են եղել նախաձեռնությանը

Նախաձեռնության դեմ առավել կոշտ դիրքորոշում է հայտնել Իտալիան։ Իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ Հռոմը դեմ է եղել խմբի կազմում Ռոբերտա Պինոտիի ընդգրկմանը։ Նա նախկինում զբաղեցրել է Իտալիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Մատեո Ռենցիի և Պաոլո Ջենտիլոնիի կենտրոնաձախ կառավարությունների օրոք, որոնք քաղաքական առումով հակառակ ճամբարում են ներկայիս իտալական կառավարությանը։

Փորձագիտական խմբի ստեղծմանը դեմ են արտահայտվել նաև Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ։ Նրանց դժգոհությունն այն էր, որ նախաձեռնությունը չի քննարկվել նախարարների մակարդակով և եվրոպական կառավարությունների մեծ մասի համար անակնկալ է եղել։

Արդյունքում անդամ երկրների ճնշումը ստիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը չեղարկել նախաձեռնությունը։

Կալասին մեղադրում են անդամ երկրների հետ բավարար չխորհրդակցելու մեջ

ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունում կարծում են, որ Եվրոպան պետք է արագացնի իր պաշտպանական պատրաստվածության ամրապնդումը, հակառակ դեպքում կարող է անպատրաստ լինել անվտանգության հնարավոր նոր մարտահրավերներին։

Նախաձեռնության նպատակներից մեկն էլ եղել է հրատապության զգացում ստեղծելը՝ Եվրոպայի պաշտպանական կարողությունների բացերը լրացնելու և առաջիկա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ հստակ ուղղություն սահմանելու համար։

Միևնույն ժամանակ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը հաճախ քննադատվում է անարդյունավետ լինելու համար։ ԵՄ դիվանագետներից մեկի խոսքով՝ Կալասը, լինելով նախկին վարչապետ, թերագնահատում է, թե որքան կարևոր է անդամ երկրների համար արտաքին քաղաքականության հարցերում նախապես խորհրդակցված լինելը։

Ֆոն դեր Լայենի հետ տարաձայնությունները

Կալասի շուրջ խնդիրները սահմանափակված չեն միայն վերջին նախաձեռնությամբ։ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը պարբերաբար տարաձայնություններ է ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ ԵՄ արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու հարցում։

Ֆոն դեր Լայենը առաջ է մղում այսպես կոչված «աշխարհաքաղաքական հանձնաժողովի» գաղափարը, իսկ վերջին շրջանում Ֆրանսիան և Գերմանիան առաջարկել են վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության կառավարման համակարգը։

Ֆրանս-գերմանական առաջարկի համաձայն՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կարող է անցնել Եվրահանձնաժողովի ենթակայության տակ՝ միաժամանակ Կալասի լիազորությունների ընդլայնմամբ։

Կալասը դեմ է նման փոփոխությանը։ ԵՄ արտգործնախարարների՝ Իռլանդիայում կայացած ոչ պաշտոնական հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ անդամ երկրների շրջանում լայն աջակցություն կա գործող համակարգին, թեև բոլորը համաձայն են, որ այն կարելի է ավելի արդյունավետ իրականացնել։

Կալասի խոսքով՝ եթե արտաքին քաղաքականության ամբողջ համակարգը տեղափոխվի Եվրահանձնաժողով, հատկապես փոքր անդամ երկրները կարող են կորցնել արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։

 

 

Անի Վարդանյան




Լրահոս