Armenian text to speach

Թրամփը իր երեք օգնականներին 45-հազարական դոլարի կանխիկ նվեր է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իր երեք կին աշխատակիցների յուրաքանչյուրին 45 հազար դոլարի կանխիկ նվեր է տվել։ Այդ մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կողմից հրապարակված պաշտոնյաների ֆինանսական հայտարարագրերից։

Թրամփի գործադիր օգնական Նատալի Հարպը, Օվալաձև գրասենյակի աշխատանքների փոխտնօրեն Չեմբերլեյն Հարիսը և նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Մարգո Մարտինը իրենց տարեկան ֆինանսական հայտարարագրերում այդ գումարները ներկայացրել են որպես «տոների կապակցությամբ կանխիկ նվեր»։

Հատկանշական է, որ երեք աշխատակիցներն էլ տարեկան ստանում են 150 հազար դոլար աշխատավարձ։ Այսինքն՝ Թրամփի կողմից նրանցից յուրաքանչյուրին տրված 45 հազար դոլարը կազմում է նրանց տարեկան աշխատավարձի մոտ 30 տոկոսը։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Թրամփը երկար տարիների սովորություն ունի Սուրբ Ծննդյան տոներին նվերներ տալ իր շրջապատի մարդկանց, այդ թվում՝ երբեմն նաև աշխատակիցներին ու օգնականներին։

Սպիտակ տնից նաև պնդել են, որ այդ նվերները կապված չեն աշխատակիցների պաշտոնական պարտականությունների հետ և, հետևաբար, թույլատրելի են համապատասխան իրավական և էթիկական չափանիշների շրջանակում։

Նատալի Հարպի շուրջ ուշադրությունը վերջին շաբաթներին հատկապես մեծացել է։ 35-ամյա Հարպը Թրամփի թիմում աշխատում է 2022 թվականից և հաճախ է նրա թելադրանքով մուտքագրում նախագահի Truth Social-ի հրապարակումները։ Թրամփի շրջապատում նրան նույնիսկ անվանել են «մարդ-տպիչ»՝ նախագահի համար դրական հրապարակումներ, սոցիալական ցանցերի գրառումներ և այլ նյութեր մշտապես պատրաստելու պատճառով։

Հարպը նաև Թրամփի հետ մի շարք ուղևորությունների է մասնակցել, ինչն էլ վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների թեմա։

Միևնույն ժամանակ, Թրամփի երկարամյա օգնական Ուոլթ Նաուտան նույնպես նախագահի կողմից ստացել է տոնական նվեր, սակայն նրա դեպքում գումարը կազմել է 20 հազար դոլար։

Այսպիսով, միայն այս չորս օգնականներին Թրամփի տված կանխիկ տոնական նվերների ընդհանուր արժեքը կազմել է 155 հազար դոլար։

Անի Վարդանյան




Լրահոս