Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանը պատահական չի լքել դատական համակարգը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նոր աշխատանքային առաջարկ են արել, և դա է պատճառը, որ նա լքեց Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։
Մեզ հետ զրույցում Վիգեն Քոչարյանը հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ բացահայտել, թե այդ ինչ նոր աշխատանքային առաջարկ է ստացել, որ լքում է դատավորի պաշտոնը։
Ի դեպ, դատական համակարգում այլ խոսակցություններ են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիգեն Քոչարյանը 2 տարի լինելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր՝ որևէ որոշում չի կայացրել, ուստի չի բացառվում, որ այս հանգամանքից դրդված որոշել է լքել դատական համակարգը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում։
Ելնելով վերոգրյալից՝ հայտարարվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԲԴԽ-77-0-74 որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 7-ից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Վլադիմիրի Քոչարյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են։
Վիգեն Քոչարյանը 2024 թվականին է նշանակվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























