Armenian text to speach

Տաթևի համայնքապետի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, 4.9 մլն դրամ եկամուտ և 3 մլն դրամ վարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի ունեցվածքը։

Սամվել Լալայանը Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 15-ից։

2025 թվականի սկզբին Սամվել Լալայանի հայտարարագրում առկա է եղել 8 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են Տաթևում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարան, Գորիսում գտնվող միանձնյա սեփականությամբ բնակարան, ինչպես նաև Տաթևում գտնվող չորս հողամաս, բազմամյա տնկի և անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։

Տաթևի բնակարանը Լալայանը ձեռք է բերել 2025 թվականի հունվարի 15-ին՝ նվիրատվության եղանակով, իսկ Գորիսի բնակարանը՝ 2024 թվականի հունվարի 15-ին, նույնպես նվիրատվությամբ։ Տաթևում առկա չորս հողամասը, բազմամյա տնկին և բնակելի տունը հայտարարագրում նշված են որպես 1991 թվականի փետրվարի 20-ին ձեռք բերված գույք։

Տարվա ընթացքում նոր անշարժ գույք ձեռք բերելու կամ գույք օտարելու վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։ Տարվա վերջին նշված գույքը պահպանվել է։

Հայտարարագրի համաձայն  Սամվել Լալայանը տրանսպորտային միջոց չի ունեցել։

Եկամուտ

2025 թվականին Տաթևի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 4 մլն 918 հազար 180 դրամ եկամուտ։ Ամբողջ գումարը ստացվել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Տաթևի համայնքապետարանի աշխատակազմից։

Դրամական միջոցներ

2025 թվականի սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում բանկային հաշվի մնացորդը նվազել է 150 հազար դրամով։

Կանխիկ դրամական միջոցները, հակառակը, աճել են։ Տարվա սկզբին Սամվել Լալայանը հայտարարագրել է 100 հազար դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին՝ 200 հազար դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սամվել Լալայանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն դրամ։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս