ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար՝ չնայած այն ազդեցությանը, որ հակամարտությունը կարող է ունենալ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Հաղորդավարուհի Լորա Ինգրահամը հարց է ուղղել՝ արդյոք Թրամփը զղջում է Իրանի դեմ պատերազմի համար՝ հաշվի առնելով ընտրությունների վրա դրա հնարավոր ազդեցությունը։
«Ես չեմ ընդունում «զղջում» բառը։ Միշտ էլ կարող ես կասկածել ինքդ քեզ, – ասել է նա։ – Եթե ստիպված լինեի կրկին անել դա, ճիշտ նույն կերպ կվարվեի»։
Թրամփը մերժել է այն պնդումները, թե իր որոշ կողմնակիցներ վրդովված և ընկճված են պատերազմի պատճառով։
«Չեմ կարծում, թե նրանք ընկճված են։ Կարծում եմ՝ նրանք շատ հպարտ են այն փաստով, որ ես թույլ չեմ տալիս Իրանին միջուկային զենք ունենալ», – ասել է Թրամփը։
Նա կրկնել է իր այն կանխատեսումը, որ պատերազմը կավարտվի անմիջապես միջանկյալ ընտրություններից հետո։
Սեպտեմբերի 9-ին նույնպես նա նման կանխատեսում էր արել՝ ենթադրելով, որ Թեհրանը փորձում է ազդել ընտրությունների վրա։






















































































