Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ Խանքենդիի մշակույթի կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված ելույթում։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանում ներկայում սովորում են ապրել խաղաղության պայմաններում և առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Նա նշել է, որ խաղաղությունը միայն հակամարտության բացակայությունը չէ, այլ նաև խաղաղաշինություն, վստահության ձևավորում և վերականգնման ու վերակառուցման գործընթաց։
«Ես նաև ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ երկու կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ համագործակցություն՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղման, երկու երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև առևտրային կապերի զարգացման նպատակով։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային փոխկապակցվածության և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի միջև հաղորդակցությունների զարգացման մասին է։
Հաջիևը նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում առկա դրական նշանների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներին՝ այդ ծրագրի իրականացմանը լիակատար նվիրվածության համար։
Անի Վարդանյան




























