Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ստեփանավանը խոստանում է դառնալ առաջիկա ընտրությունների ուշագրավ թատերաբեմերից մեկը։
Բանն այն է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ հաղթել այս համայնքում, ինչը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը նախորդ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի կարգավիճակով հաղթել էր ձայների շուրջ 80 տոկոսով։
Հունիսի 7-ի արդյունքներից հետո առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար ՔՊ-ն որոշել է նոր թեկնածուով հանդես գալ։ Կուսակցությունը միաձայն որոշմամբ առաջադրել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանին։
Ինքը՝ Արմեն Գրիգորյանը, արդեն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին։ Նա նաև հրապարակել է ուղերձ, որում ամփոփել է իր պաշտոնավարման տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝ ճանապարհաշինություն, զբոսայգիների բարեկարգում, գյուղական բնակավայրերում մանկապարտեզների կառուցում և այլ աշխատանքներ։
Միաժամանակ Գրիգորյանը նշել է. «Տպավորություն կա, որ համայնքի կառավարման հավակնություններ ունեցող մարդկանց թիվը մեծ է»։ Սակայն այս պահին, բացի Գրիգորյանից և Ներսիսյանից, այլ թեկնածուների անուններ հայտնի չեն։
Ո՞վ է Արմեն Գրիգորյանը
Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին։ Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ և կառավարիչ է։
Մինչև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար ընտրվելը նա շուրջ մեկ տարի զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Դրանից առաջ Գրիգորյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ եղել է Սոցիալական ապահովության ծառայության Ստեփանավանի տարածքային բաժնի պետ, Պետական եկամուտների կոմիտեի Տաշիրի տարածքային հարկային տեսչության պետ, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետ։
«Գազպրոմ Արմենիա»-ում աշխատելու տարիներին՝ 2018 թվականի ապրիլին, Գրիգորյանը հիմնադրել է «Սոճենի» ՍՊԸ-ն։ Ինչպես նախորդ տարի պարզել էր «Հետքը», ընկերությունը հետագայում պետական և համայնքային գնումների շրջանակում կնքել է ընդհանուր առմամբ 468 մլն դրամի պայմանագրեր։
«Սոճենի»-ն հիմնականում իրականացրել է շինարարական աշխատանքներ՝ վերանորոգել դպրոցներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, ինչպես նաև կատարել գազաֆիկացման աշխատանքներ։
2021 թվականի հունվարին Գրիգորյանը «Սոճենի»-ի իր 100 տոկոս մասնաբաժինը փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024 թվականի մայիսից ընկերության ամբողջ բաժնեմասը պատկանում է նրա կնոջը՝ Գայանե Ավետիսյանին։
«Հետքի» հետաքննության համաձայն՝ Գրիգորյանի ընտանիքի հետ կապ ունեցող մեկ այլ ընկերություն՝ «Ստեփշին» ՍՊԸ-ն, նույնպես մասնակցել է Ստեփանավանի և Լոռու մարզի այլ համայնքների գնումներին։ Ընկերության 45 տոկոս բաժնեմասը պատկանում է Գայանե Ավետիսյանին։
Հետաքննության համաձայն՝ Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի հայտարարագրում նշել է «Սոճենի» ընկերության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Տաշիր համայնքի հետ կնքած երկու պայմանագրերը, սակայն չի նշել նույն ընկերության և Տաշիր համայնքի միջև կնքված՝ գազաֆիկացման աշխատանքների վերաբերյալ երրորդ պայմանագիրը։
«Հետքը» գործարքները դիտարկել էր նաև շահերի բախման տեսանկյունից։ «Հանրային ծառայության մասին» օրենքը պաշտոնատար անձից պահանջում է խուսափել շահերի բախման իրավիճակից, իսկ նման իրավիճակում՝ ձեռնպահ մնալ որոշումների ընդունումից կամ դրանց նախապատրաստմանը մասնակցելուց։
Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով շահերի բախման վերաբերյալ հայտարարություն ներկայացրել էր, սակայն այն վերաբերում էր ավագանու անդամ Արթուր Պապյանի կնոջ՝ Կարինե Բախշինյանի կողմից գնումներից մեկում հաղթելուն, և ոչ թե իր կնոջ հետ կապ ունեցող ընկերությունների մասնակցությամբ գնումներին։
Իսկ ո՞վ է ՔՊ-ի նոր թեկնածուն
ՔՊ-ի կողմից Ստեփանավանում առաջադրված Արայիկ Ներսիսյանը մամուլում վերջին տարիներին առավելապես աչքի է ընկել իր ունեցած մեծածավալ գույքով։
Այս տարի ներկայացրած հայտարարագրում նա նշել է 37 անշարժ գույք, որոնց մեծ մասը հողամասեր են և գտնվում են իր միանձնյա սեփականության ներքո։ Ներսիսյանը նաև հայտարարագրել է 12 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 7 գյուղտեխնիկա։
Նրա դրամական միջոցները կազմել են 60 հազար դոլար և 40 մլն դրամ։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է 4 մլն 772 հազար դրամ աշխատավարձ և «ՀՈՒՆԱՅԿԱ» ընկերությունից ստացած 1 մլն 198 հազար դրամ վարձակալության եկամուտ։
Նախորդ տարի վարույթի արդյունքում Ներսիսյանը պետությանը վերադարձրել է 2 հա հողատարածք։ Այդ տարածքը, սակայն, նրա հայտարարագրած բազմաթիվ հողերի համեմատությամբ փոքր մասն է կազմում։
Ներսիսյանը ծնվել է 1968 թվականին Կողես գյուղում։ Մասնագիտությամբ գիտական ագրոնոմ է։ 1991-1993 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որի համար ստացել է մի շարք մեդալներ և պարգևներ։
1996 թվականից շուրջ 21 տարի ղեկավարել է Կողես համայնքը։ 2017 թվականի ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար, իսկ 2021 թվականին վերընտրվել է նույն պաշտոնում։
Սակայն Ներսիսյանի կենսագրության ամենաուշագրավ դրվագներից մեկը նրա կուսակցական ճանապարհն է։
Նա հայտնի է որպես նախկին ՀՀԿ-ական։ 2017 թվականին հենց ՀՀԿ-ի կողմից է առաջադրվել և առաջին անգամ ընտրվել համայնքի ղեկավար։ Սակայն արդեն հաջորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին նա գլխավորել է ՔՊ-ի ցուցակը՝ չնայած իր նախկին կուսակցական անցյալին։
Այսպիսով, Ստեփանավանի առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը թերևս այն է, թե ստեփանավանցիների քվեն ում օգտին կգնա՝ ՔՊ-ին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում չհաղթանակ բերած գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի՞, թե՞ հենց ՔՊ-ի կողմից առաջադրված՝ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանի։
Աննա Հանյան
























































































