Դատավորի պաշտոնը տարիների ընթացքում փոխել է նաև Լիանա Ներսիսյանի հայտարարագրի ֆինանսական պատկերը։ Եթե 2021 թվականին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք և ավտոմեքենա չկար, ապա 2025 թվականի հայտարարագրում արդեն հայտնվում են Սևանի հողամաս, Mercedes-Benz և 4 մլն դրամ կանխիկ գումարը։
ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել դատավորների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը՝ փորձելով հասկանալ, թե պաշտոնավարման տարիներին ինչպես է փոխվել նրանց ունեցվածքը։
Նախկին օպեր լիազոր Լիանա Ներսիսյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2019 թվականի հունվարի 23-ից։ Ըստ court.am-ում հրապարակված տվյալների՝ նրա վարկանիշը 5 է, ինչը բավական ցածր ցուցանիշ է։
2021 թվական․ գույք չկար, բայց կար 13.5 հազար դոլար կանխիկ
2021 թվականի հայտարարագրով Լիանա Ներսիսյանն իր անունով որևէ անշարժ գույք չէր հայտարարագրել։ Չկար նաև ավտոմեքենա։ Տարվա ընթացքում նոր գույք չէր ձեռք բերել և որևէ գույք չէր օտարել։
Միևնույն ժամանակ, դատավորը հայտարարագրել էր, որ ավելի քան 90 օր փաստացի տիրապետել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։
2021 թվականի տարեվերջին նրա բանկային հաշվում մնացել էր ընդամենը 500 հազար 6 դրամ, մինչդեռ տարվա սկզբին հաշվի մնացորդը եղել էր 1 մլն 300 հազար 52 դրամ։
Փոխարենը, կանխիկ դոլարն ավելացել էր։ Եթե տարվա սկզբին հայտարարագրված էր 10 հազար ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին արդեն՝ 13 հազար 500 ԱՄՆ դոլար։
Նրա 2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել էր 10 մլն 205 հազար 738 դրամ, որից 8 մլն 772 հազար 33 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն, իսկ 3 հազար 500 ԱՄՆ դոլարը՝ նվիրատվություն կամ օգնություն։
2025 թվական․ ունեցվածքի պատկերը փոխվել է
Չորս տարի անց դատավորի հայտարարագրում արդեն բոլորովին այլ պատկեր է։
2025 թվականի սկզբին և տարեվերջին Լիանա Ներսիսյանի սեփականության ներքո եղել է Սևանում գտնվող հողամաս, որը ձեռք է բերել 2024 թվականի հունվարի 12-ին։
Նրա ունեցվածքում հայտնվել է նաև 2019 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 10-ին։
Կանխիկը՝ 2-ից 4 մլն դրամ
2025 թվականին Ներսիսյանի կանխիկ դրամը նույնպես աճել է։ Տարվա սկզբին նա հայտարարագրել էր 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 4 մլն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում կազմել են համապատասխանաբար 168 հազար 180 դրամ, 770 դրամ և 911 հազար 137.75 դրամ։
2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 16 մլն 666 հազար 973 դրամ, որից 13 մլն 777 հազար 775 դրամը եղել է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ, իսկ 2 մլն 889 հազար 198 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
Միաժամանակ, դատավորն ունի 38 մլն 531 հազար 651.2 դրամի վարկային պարտավորություն, որի նպատակային նշանակությունը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքն է։
Այսպիսով, 2021-ից 2025 թվականներին Լիանա Ներսիսյանի հայտարարագրում էական փոփոխություններ են արձանագրվել․ եթե 2021-ին նրա անունով անշարժ գույք ու ավտոմեքենա չկար, ապա 2025-ին արդեն առկա են Սևանի հողամաս և Mercedes-Benz, կանխիկ դրամը հասել է 4 մլն դրամի։
Ու այս ամենի կողքին՝ ըստ court.am-ի հրապարակած տվյալների, դատավորի վարկանիշը 5 է։
Սոնա Գրիգորյան




























