Ինչպես արդեն տեղեկացրել էր ArmLur.am-ը, հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։
Նախորդ ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությամբ համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Ղազար Ղազարյանը։ Մինչ այդ նա շուրջ 13 տարի ղեկավարել էր Ջրարբի համայնքը, ևս երեք տարի էլ զբաղեցրել էր նույն բնակավայրի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Ղազարյանը ծնվել է 1968 թվականին։ Սովորել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում, ապա 1994-2005 թվականներին զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Հետագայում կրկին ընդունվել է համալսարան՝ հեռակա ուսուցմամբ, և ստացել իրավագետի որակավորում։
Ղազարյանի պաշտոնավարման ընթացքում նրա անունը հայտնվել է նաև իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, ինչպես 2022 թվականին գրել էր ArmLur.am-ը, նրան մեղադրանք էր առաջադրվել համայնքին պատկանող չորս հողատարածքների ինքնակամ զավթումը չկասեցնելու համար։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում պարզվել էր, որ Արաքս համայնքին պատկանող չորս հողատարածքներ զավթվել են, իսկ այդ տարածքներում իրականացվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի էր ունեցել հողի դեգրադացիա։
Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման ոլորտում համապատասխան լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել հողամասերի զավթումը կասեցնելու ուղղությամբ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ղազարյանի շուրջ աղմկահարույց մեկ այլ դեպք էլ մամուլում շրջանառվեց այս տարվա գարնանը։ Լրագրող Վահե Մակարյանը հրապարակել էր տեղեկություն Արաքս համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի մասնակիցներից մեկը, ըստ հրապարակման, եղել էր հենց համայնքի ղեկավարը։
Ըստ լրագրողի՝ Ղազարյանը վեճի էր բռնվել մի շինարարի հետ, ինչից հետո իրավիճակը վերածվել էր ծեծկռտուքի։ Հրապարակման համաձայն՝ համայնքի ղեկավարը ոտքով հարվածել էր մեքենաներին, քաշքշել շինարարին, ինչից հետո գյուղացիները ծեծի էին ենթարկել նրան։ Վերջում, ըստ նույն հրապարակման, Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Լրագրողը կապ էր հաստատել նաև Ղազարյանի հետ՝ միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Համայնքի ղեկավարը հերքել էր ծեծկռտուքի, վնասվածքներ ստանալու և հիվանդանոց տեղափոխվելու մասին տեղեկությունները։ Միաժամանակ նա նշել էր, որ տեղի ունեցածը աշխատանքային միջադեպ է եղել, և հաստատել էր, որ վրդովվել էր շինարարի աշխատանքից՝ այն պատշաճ չկատարելու պատճառով։
Միջադեպի վերաբերյալ, սակայն, այլ պաշտոնական տվյալներ կամ հայտարարություններ առայժմ չեն հրապարակվել։
Այս պահին Ղազար Ղազարյանից բացի Արաքս համայնքի ղեկավարի պաշտոնի համար այլ թեկնածուների անուններ հայտնի չեն։
Աննա Հանյան























































































