Armenian text to speach

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համատեղ ասուլիս են անցկացրել․ քննարկվել է նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Իրանի շուրջ և Սև ծովում ստեղծված իրավիճակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև շփումները կանոնավոր բնույթ են կրում՝ երկու երկրների հարաբերությունները բնութագրելով որպես աշխարհում նմանը չունեցող։

Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներն արտացոլված են Շուշիի հռչակագրում։

Հաքան Ֆիդանն իր հերթին հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» կարգախոսի ներքո։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում շարունակում է խորանալ, և Անկարան մտադիր է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին։

Բայրամովի խոսքով՝ ինքը Ֆիդանին տեղեկացրել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, և կողմերը մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի ու հետագա քայլերի վերաբերյալ։

Ֆիդանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը կապվի խաղաղության հետ։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, իր գնահատմամբ, շարունակելու է կարևոր դեր ունենալ տարածաշրջանային գործընթացներում։

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններին և Միջին միջանցքին՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր դեր ունեն այդ նախագծի իրականացման գործում։

Ֆիդանը խոսել է նաև TRIPP նախագծի մասին՝ այն ներկայացնելով որպես Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող նախագծերից մեկը։

Նրա խոսքով՝ Կարս–Դիլուջու երկաթուղին այդ նախագծի մաս է կազմում, և դրա շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականը։

Ասուլիսում զգալի տեղ է հատկացվել տնտեսական համագործակցությանը։

Բայրամովի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության ծավալը հասել է 5,7 միլիարդ դոլարի, իսկ 2026 թվականի առաջին ութ ամիսներին կազմել է 3,2 միլիարդ դոլար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասել են 20 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիայի ներդրումներն Ադրբեջանում՝ 18 միլիարդ դոլարի։ Ադրբեջանում գործում է ավելի քան 4000 թուրքական ընկերություն։

Ֆիդանը հայտնել է, որ համապատասխան կառույցներն աշխատում են երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 15 միլիարդ դոլարի հասցնելու ուղղությամբ։

Կողմերն աշխատում են նաև էներգետիկ նոր նախագծերի վրա։ Բայրամովը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում արտադրվող վերականգնվող էներգիան Սև ծովով եվրոպական շուկա հասցնելու, ինչպես նաև Նախիջևանը Թուրքիային կապող էներգետիկ մալուխի նախագծերը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև վերականգնվող էներգիայի տարանցում դեպի եվրոպական շուկա Թուրքիայի տարածքով։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը լիակատար աջակցություն է հայտնում COP31-ի անցկացմանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական այն ամբողջ թիմը, որը ներգրավված էր COP29-ի աշխատանքներում, կմասնակցի նաև COP31-ին։

Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցությանը և հաջորդ ամիս նախատեսվող կազմակերպության հերթական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Բայրամովի խոսքով՝ կազմակերպության շրջանակներում համերաշխության հետագա ամրապնդումը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի և Թուրքիայի համար։

ԱԳ նախարարները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հակամարտության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև դրա կարգավորման ուղղությամբ հնարավոր քայլերը։

Իրանի շուրջ զարգացումների վերաբերյալ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է շփումները համապատասխան բոլոր կողմերի հետ՝ ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու նպատակով։ Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով անցումը պետք է ապահովվի։

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Սև ծովում նավերի դեմ հարձակումներին։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին նման հարձակումներն ավելացել են, դրանց հետևանքով զոհվել են ադրբեջանցի և թուրք նավաստիներ։

Ֆիդանը հայտարարել է, որ նման հարձակումների շարունակությունն անընդունելի է, և Թուրքիան համապատասխան նախազգուշացումներ է փոխանցում կողմերին։

«Թուրքիան շարունակում է շփումները ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հասնելու նպատակով։ Նույնիսկ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

 




Լրահոս