ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս աշնանը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արտաշատում։ Նախորդ ընտրություններին՝ 2021 թվականին, Արտաշատի համայանքի ղեկավար էր ընտրվել ՔՊ-ի առաջադրված թեկնածուն՝ Կառլեն Մկրտչյանը։ Դրանից առաջ նա վարչապետի որոշմամբ 3 ամսով եղել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։
Իսկ քաղաքական ասպարեզում նա հայտնվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ ինչը ակընհայտ երևում է իր կենսագրությունից, որտեղ նշված է , որ 2019-2020 թվականներին եղել է Արարատի մարզպետի խորհրդականը։ Մինչ պաշտոնի նշանակվելը 2008-ից 2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ քրեկատարողական հաստատությունում՝ որպես ՔԿՀ ԱԱՀ 2-րդ կարգի մասնագետ: 2009-ից 2011-ը աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում: 2012-2015 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ ՌԴ-ում, այնուհետև 2016-ից 2019-ը կրկին աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում: Իսկ 2020-ից 2021-ը եղել է «Արտաշատ» ջրաօգտագործողների ընկերության գործադիր տնօրենը:
Մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Մկրտչյանի պաշտոնավարմանն առընչվող տարբեր խնդրահարույց դեպքեր, որոնք սկսել են դեռևս նրա ընտրվելուց առաջ: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Yerevan.Today-ը, հղում անելով Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքի ահազանգին, գրել էր, որ ընտրություններից առաջ Մկրտչյանի համար Արբաթում և Գեղանիստ համայնքում մարդկանց գումարներ են բաժանվել, ինչպես նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցների տրամադրվել էր ընդհանուր 10.8 միլիոն դրամի պարգևավճար։ Հրապարակման համաձայն՝ առանձին աշխատակիցների վճարումները հասել էին մինչև 600 դոլարին համարժեք գումարի։ «Իրավունքի» վերոնշյալ հոդվածում, նշվում է, որ ըստ իրենց աղբյուրների Մկրտչյանը՝ «բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով»։
2024 թվականի օգոստոսին Factor.am-ը գրել էր, որ Մկրտչյանը 2023 թվականին Արտաշատում հիփոթեքային վարկով երկու հողամաս է ձեռք բերել՝ ընդհանուր 28.8 մլն դրամով։ Հրապարակման ուշադրության կենտրոնում, սակայն, ոչ միայն գույքի ձեռքբերումն էր, այլ նաև այն, որ հողամասերի վրա գտնվող շինությունների քանդման թույլտվությունը համայնքի ղեկավարը տվել էր իր իսկ որոշմամբ, որի կայացման փաստի վերաբերյալ նա հանձնաժողովին հայտարարություն չէր ներկայացրել։ Մասնավորապես, հողամասերը ձեռք էին բերվել 2023 թվականի դեկտեմբերին, իսկ շինությունների քանդման որոշումը կայացվել էր 2024 թվականի ապրիլին։
Ինչպես գրել էր ArmLur-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Մկրտչյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ էր հարուցել՝ հիմք ընդունելով Factor.am-ի այդ հրապարակումը։
Մեկ այլ դեպք վերաբերում է համայնքապետարանի գնումներին և շահերի բախմանը։ 2024 թվականի հուլիսին «Հետքը» գրել էր, որ 2024 թվականի մայիսին «Հետքը» գրել էր, որ Արտաշատի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում համայնքում շուրջ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել։ Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Մկրտչյանի նկատմամբ։ Հանձնաժողովը արձանագրել էր, որ Մկրտչյանի և Բաղդասարյանի միջև առկա են քաղաքական հարաբերություններ, իսկ համայնքապետը, ընկերության հետ պայմանագիր կնքելիս, օրենքով սահմանված ժամկետում շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չէր ներկայացրել։ Արդյունքում Մկրտչյանը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 300 հազար դրամի չափով տույժի։
Մկրտչյանը վիճարկել էր հանձնաժողովի որոշումը դատարանում, սակայն Վարչական դատարանը մերժել էր նրա հայցը։ 2025 թվականի մայիսին նույն ընկերությունը կրկին հաղթող էր ճանաչվել համայնքի կողմից հայտարարված մրցույթում՝ այս անգամ Բուրաստան բնակավայրի փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների համար։
Այս անգամ արդեն Մկրտչյանը հաշվի էր առել նախորդ վարույթը և մինչ պայմանագրի կնքումը հրապարակային հայտարարություն էր ներկայացրել՝ նշելով, որ ընկերության տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ գտնվում է քաղաքական հարաբերությունների մեջ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնել էր, որ այս դեպքում ընթացակարգային խախտում չէր հայտնաբերվել։ Սակայն, օրինակ, Politik.am-ը այս իրավիճակին անդրադառնող հոդվածում բարձրացնում էր հետևյալ հարցը՝ «Այդ հրապարակային հայտարարությունը շահերի բախումը վերացրե՞ց, քաղաքական կապերը չեզոքացրե՞ց։»
Հիմա` նոր ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, Արտաշատը որոշում կկայացնի. ընտրել որոշակի խնդրահարույց պաշտոնավարում ունեցող ներկայիս համայնքապետին թե որևէ այլ` դեռևս անհայտ թեկնածուի։
Աննա Հանյան






















