Armenian text to speach

Ինչ է սպասվում Դիլիջանում. ո՞վ կդառնա համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացել է ArmLur.am-ը՝ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Դիլիջան խոշորացված համայնքում։

Նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Դիլիջանում ձայների 57 տոկոսով համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի ընկերն է։

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1984 թվականին։ Ունի միջնակարգ մասնագիտական կրթություն։ Նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ 2001-2006 թվականներին սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, որն ավարտելուց հետո ստացել է տնտեսագետի և հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում։ Ներկայումս սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ հեռակա կարգով։

Կենսագրության մեջ նշվում է, որ մինչև 2016 թվականին Դիլիջանի ավագանու անդամ ընտրվելը Սարգսյանը զբաղվել է մասնավոր և հանրային գործունեությամբ։ Սակայն այդ տարիներին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ վարչապետը նրան նշանակել է Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, և նրան ներկայացնում էին որպես բենզալցակայանի նախկին աշխատակից։

Պաշտոնավարման ընթացքում Սարգսյանի որոշումներով Դիլիջանի համայնքապետարանում և համայնքային ենթակառուցվածքներում մի շարք կադրային փոփոխություններ են իրականացվել։ Մասնավորապես, 2021 թվականի մարտի 12-ից հետո հերթով պաշտոններից ազատվել են համայնքի ղեկավարի խորհրդականը, օգնականը, տեղակալը, «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը և այլ պաշտոնյաներ։ Նրանց փոխարեն համայնքապետը նոր կադրեր է նշանակել։

Սարգսյանի անունը լայնորեն շրջանառվել է նաև անձնական տվյալների ձևաթղթի հետ կապված պատմության շրջանակում։ Սոցիալական ցանցերում տարածվել էր մի ձևաթղթի լուսանկար, որտեղ նրա սեռի դիմաց նշված էր «արու», իսկ մասնագիտության դաշտում առկա էին ջնջումներ։ Դավիթ Սարգսյանը հրապարակայնորեն հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, որ տարածված ձևաթուղթը «խեղված և կեղծված» է։

Համացանցում տարածված տեսանյութերում ևս Սարգսյանը հայտնվել է տարբեր միջադեպերի համատեքստում։ Դրանցից մեկում, նախորդ տարվա նոյեմբերին Դիլիջանում բռնկված հրդեհի ժամանակ, նա խոսում է հրդեհաշիջման աշխատանքների մասին՝ ձեռքին ծխախոտ պահելով։ Մեկ այլ տեսանյութում համայնքապետը վիճաբանում և կոպիտ խոսում է լրագրողների հետ։

Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում լայնորեն քննարկված մեկ այլ պատմություն էլ վերաբերում է Դիլիջանի համայնքապետի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հրապարակմանը։ Տեղեկությունը նախորդ տարվա դեկտեմբերին տարածել էր լրագրող Վահե Մակարյանը։

Ըստ նրա հրապարակման՝ համայնքապետարանում խորհրդակցության ընթացքում առաջացած տարաձայնություններից հետո վիճաբանությունը շարունակվել էր Սարգսյանի աշխատասենյակում։ Լրագրողի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և վնասել աշխատասենյակի գույքը։

Մի քանի օր անց կողմերը կրկին հանդիպել էին Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտում՝ հաշտվելու նպատակով, սակայն, ըստ հրապարակման, հանդիպումը վերածվել էր ծեծկռտուքի։ Լրագրողի տեղեկություններով՝ Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծի էին ենթարկել Վախթանգ Թամրազյանն ու նրա հայրը, իսկ Սարգսյանի կողմը հարվածներ էր հասցրել Թամրազյանի հորը։

Միջադեպի վերաբերյալ, ըստ նույն հրապարակման, ոստիկանություն հաղորդում կամ ահազանգ չէր ներկայացվել։ Պաշտոնյաները նույնպես հրապարակային պարզաբանում չէին ներկայացրել։

Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հարցեր են առաջացել նաև համայնքային հողերի օտարման գործընթացների վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, 2022 թվականին Դիլիջանի համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր աճուրդով օտարվել էին։ Դրանց թվում էին երեք հարակից՝ շուրջ 690 քմ ընդհանուր մակերեսով հողամասեր, որոնք օտարվել էին Երևանի բնակիչներին։ Սա այն պայմաններում, երբ Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի զգալի մասն արդեն նախկինում օտարված էր, իսկ ազատ հողատարածքների թիվը՝ սահմանափակ։

Համանման մեկ այլ դեպք արձանագրվել էր 2024 թվականին։ Այս անգամ համայնքային հողատարածք էր օտարվել Դավիթ Սարգսյանի եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորի օտարման համար աճուրդ էր հայտարարել, որին, ըստ հրապարակված տեղեկությունների, մասնակցել էր միայն Սարգսյանի եղբայրը։

Հարցը քննության էր առել Հակակոռուպցիոն կոմիտեն և արձանագրել շահերի բախման փաստ։ Ըստ կառույցի՝ համայնքապետը շահերի բախման մասին նախապես գրավոր չէր տեղեկացրել համապատասխան մարմնին, ինչի համար տուգանվել էր 300 հազար դրամով։

Դեպքի առնչությամբ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեին հայտնել էր, որ «թերացման պատճառն օրենքի չիմացությունն էր»։ Սակայն հետագայում «Ազատության» հետ զրույցում նա հայտարարել էր, որ ինքն է եղել աճուրդային հանձնաժողովի նախագահը և պնդել էր, որ օրենքի խախտում չի կատարել։

«Ես ոչ մի և ոչ մի տեղ օրենքի խախտումներ չունեմ, իսկ ինչը ես ներկայացրել եմ, որ իբր թե տեղյակ չեմ եղել, ես օրենքներից շատ լավ տեղյակ եմ։ Եթե օրենքի խախտում արած լինեի, դրա համար կհասներ քրգործ իմ վրա, ես այսօր ի գործ չէի լինի»,- ասել էր Սարգսյանը։

Այս ամենի ֆոնին հոկտեմբերի 25-ի Դիլիջանի ՏԻՄ ընտրությունների առանցքային հարցերից մեկը լինելու է այն, թե ինչպիսի գնահատական կտան դիլիջանցիները Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և արդյոք ՔՊ-ական գործող համայնքապետը կրկին կստանա համայնքի բնակիչների վստահությունը։

Աննա Հանյան




Լրահոս