ArmLur.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել դատավորների հայտարարագրած ունեցվածքը՝ ուսումնասիրելով նրանց գույքը, դրամական միջոցները և եկամուտները։ Այս հրապարակումների նպատակն է ապահովել դատավորների ունեցվածքի վերաբերյալ տվյալների հանրային հասանելիությունն ու թափանցիկությունը։
Այս անգամ ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։ Նորա Կարապետյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի ապրիլի 30-ից։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում և տարեվերջին Նորա Կարապետյանի անունով անշարժ գույք առկա չի եղել։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ տարվա ընթացքում նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարանի։
Ավտոմեքենա
Տարվա սկզբում Նորա Կարապետյանի հայտարարագրում առկա է եղել 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք էր բերել 2007 թվականի օգոստոսի 14-ին՝ նվիրատվության եղանակով։
2025 թվականի մարտի 14-ին այդ ավտոմեքենան օտարվել է նվիրատվության եղանակով ։ Հայտարարագրի տարեվերջյան տվյալներով՝ Նորա Կարապետյանի անունով տրանսպորտային միջոց առկա չի եղել։
Դրամական միջոցներ
Նորա Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները 2025 թվականի սկզբում կազմել են 3,374 եվրո և 182,125 դրամ։ Տարվա վերջում եվրոյով գումարը հասել է 3,420-ի, իսկ դրամով մնացորդը՝ 262,352 դրամի։
Կանխիկ դրամական միջոցներից տարվա սկզբում նա հայտարարագրել է 12 հազար ԱՄՆ դոլար և 14 մլն 580 հազար դրամ։ Տարվա վերջին կանխիկ դոլարի չափը կազմել է 15 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 14 մլն դրամ։
Եկամուտ
2025 թվականին Նորա Կարապետյանի ընդհանուր եկամուտը կազմել է 16 մլն 43 հազար 629 դրամ։ Դրանից 15 մլն 863 հազար 629 դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից, իսկ 180 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայից։
Այսպիսով, Նորա Կարապետյանի 2025 թվականի հայտարարագրից երևում է, որ տարվա ընթացքում նրա անունով անշարժ գույք չի գրանցվել, օտարվել է 1980 թվականի VAZ ավտոմեքենան, իսկ տարվա վերջում բանկային հաշիվներում և կանխիկ առկա են եղել դրամական ու արտարժութային միջոցներ։
Սոնա Գրիգորյան




























