Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Ժաննա Ասատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել դատավորների հայտարարագրած ունեցվածքը՝ ուսումնասիրելով նրանց գույքային դրությունը և դրա փոփոխությունները։

Այս անգամ ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանի՝ 2025 թվականի հայտարարագիրը։

Անշարժ գույք

Ժաննա Ասատրյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ 2025 թվականի սկզբին և տարեվերջին նրա անունով առկա է եղել երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող անհատական բնակելի տուն է՝ իր տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2019 թվականի մայիսի 10-ին՝ գնման եղանակով։ Այն համատեղ սեփականության իրավունքով է։

Երկրորդ գույքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան է, որը միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերվել 2011 թվականի ապրիլի 19-ին։

2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոցներ

Հայտարարագրում Ժաննա Ասատրյանը 2025 թվականի սկզբում կամ տարեվերջին տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ

Դատավորի բանկային ավանդի մնացորդը տարվա սկզբի 115,801.1 դրամից տարեվերջին հասել է 120,301.8 դրամի։

Բանկային հաշիվների երեք մնացորդներից մեկը տարվա սկզբի 302,620 դրամից տարեվերջին աճել է մինչև 350,957 դրամ։ Երկրորդ հաշվին առկա է եղել 72,000 դրամ՝ ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Երրորդ հաշվի մնացորդը 25,942.9 դրամից նվազել է մինչև 1,136.9 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Տարվա սկզբին նա հայտարարագրել է 5,400,000 դրամ և տարեվերջին՝ 6,500,000 դրամ։ Եվրոյով կանխիկ միջոցները 2,300 եվրոյից աճել են մինչև 5,000 եվրո, իսկ դոլարով միջոցները 3,200-ից նվազել են մինչև 3,000 դոլար։ Բացի այդ, տարվա սկզբին հայտարարագրված 0 դրամ կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 2,000,000 դրամ։

Եկամուտ

2025 թվականին Ժաննա Ասատրյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18,342,172 դրամ։ Դրանից 15,382,172 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։

Նա 960,000 դրամ ստացել է բնակարանի վարձակալությունից, իսկ 2,000,000 դրամ՝ նվիրատվության կամ օգնության կարգով՝ Գոհար Հովյանից։

Վարկ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ժաննա Ասատրյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 13,500,045.31 դրամ։ Վարկը տրամադրվել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով։

Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված նրա վճարումները կազմել են 2,455,049.4 դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ Ժաննա Ասատրյանը ՀՀ դատավորների միություն հասարակական կազմակերպության անդամ է։

Այսպիսով, 2025 թվականին դատավոր Ժաննա Ասատրյանի հիմնական փոփոխությունը դրամական միջոցների ավելացումն է․ մասնավորապես, կանխիկ դրամը տարվա ընթացքում աճել է 5.4 մլն դրամից մինչև 6.5 մլն դրամ, իսկ կանխիկ եվրոն՝ 2,300-ից մինչև 5,000 եվրո։ Միաժամանակ նա 2025 թվականին նոր անշարժ գույք կամ ավտոմեքենա ձեռք  չի բերել։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս