Ինչպես տեղեկացել է ArmLur.am-ը՝ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Իջևան խոշորացված համայնքում։
Վարչապետի հարազատ քաղաքում նախորդ ՏԻՄ ընտրություններին ձայների շուրջ 80 տոկոսով անցել էր ՔՊ-ի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Ճաղարյանը։
Իջևանի համայնքի ղեկավարն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Երկաթգիծշին-1» ՓԲԸ-ում՝ որպես աշխղեկ։ Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է։ Տարիներ շարունակ աշխատել է Կադաստրի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, իսկ 2015-2021 թվականներին եղել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 2021 թվականի ապրիլին վարչապետի հրամանով նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նոյեմբերին ընտրվել համայնքի ղեկավար։
Մամուլում վերջին շրջանում քննարկվում է այն հարցը, որ որպես համայնքապետ՝ Ճաղարյանը վերջին 5 տարիներին շատ բան չի արել համայնքի համար, և սկսել է հենց այս՝ նախընտրական շրջանում․ շենքերի վերելակներն է փոխում, Իջեւանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում։ «Հրապարակը» փորձել է բացատրել այդ ակտիվացման հնարավոր պատճառները, մասնավորապես թերթը գրում է․ «Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջևանում բավականին բարձր է, և դա նաև նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջևանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, և նրան մարդիկ սիրում ու վստահում են: ArmLur.am-ի աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջևանից է, և Ասլանյանը ևս Իջևանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է»։ Նշենք, որ ընդդիմությունը դեռ ոչ մի թեկնածու չի առաջադրել։
Անցյալ տարի Իջևանի համայնքապետը հայտնվել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ ArmLur.am-ը գրել էր, որ հիմք ընդունելով Infocom.am-ի՝ «Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը՝ ԿԿԸ-ն սկսել էր դիտարկել այդ իրավիճակը շահերի բախման տեսանկյունից։
Հրապարակման մեջ նշվում էր, որ Իջևանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում ևս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:
ԿԿԸ-ն եկել էր այն եզրահանգումներին, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար և պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին և 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների ու տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր: Արթուր Ճաղարյանի և Իջևան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջև առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաև ընկերության միակ մասնակիցը:
Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաև Իջևան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ: Վերջիններիս միջև ևս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Այս ամենը հաշվի առնելով ԿԿԸ-ն արձանագրել էր, որ տվյալ գնումների առնչությամբ Ճաղարյանը պետք է ներայացներ շահերի բախման հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել: Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, և կիրառվել է վարչական տույժ՝ ընդամենը 300 հազար դրամի չափով։
Այս ամենը հաշվի առնելով հոկտեմբերի 25-ի Իջևանի ՏԻՄ ընտրությունների հիմնական հարցերից մեկը լինելու է այն, թե արդյոք ՔՊ-ական ներկայիս համայնքապետը կկարողանա շահել համայնքի բնակիչների վստահությունը ևս մեկ անգամ։
Աննա Հանյան
























































































